Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության վարույթում հարուցված քրեական գործը:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի նախկին ղեկավարը, 2015-2017 թվականների ընթացքում օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություններ տրամադրելու, համայնքի վարչական շենքի ջեռուցման նպատակով դիզելային վառելանյութ ձեռք բերելու, շենք-շինությունների վերանորոգում իրականացնելու պատրվակով համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր 8 միլիոն 843 հազար դրամ, սակայն դրամական օգնություններ չեն տրամադրվել, համայնքի վարչական շենքը դիզվառելիքով չի ջեռուցվել և վերանորոգում չի իրականացվել»:
Բացի վերը նկարագրվածից, ասված է հաղորդագրությունում, «Կարմրաշեն համայնքի նախկին ղեկավարը համայնքի հաստիքացուցակով երկու անձի ընդունել է աշխատանքի, սակայն վերջիններս չեն հաճախել աշխատանքի, սակայն համայնքի բյուջեից նրանց անուններով ելքագրվել է աշխատավարձ՝ ընդհանուր 5 միլիոն 556 հազար դրամ»:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», կատարվում է նախաքննություն: