Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերն» արձագանքում է Նիկոլ Փաշինյանին


«Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Վարուժան Ավեիսյանը, արխիվ:
«Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Վարուժան Ավեիսյանը, արխիվ:

«Սասնա ծռեր» կուսակցության արձագանքը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը չուշացավ։

«Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը: Հուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը», - նշում են կուսակցության ներկայացուցիչները։

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդը երեկ խորհուրդ էր տվել ուժերից մեկին, «չշշկռվել» ու չշփոթել նոր իշխանություններին Սերժ Սարգսյանի իշխանության հետ․ - «Կան ուրիշ քաղաքական ուժեր, որոնք էսօրվանից ասում են՝ էս խորհրդարանը մի տարվա կյանք ա ունենալու, տարիուկեսվա կյանք ա ունենալու․․․ Էդ դուք իրոք որոշել եք, որ ձեզ իրավունք ա տրված որոշել խորհրդարանի և երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափերը՞: Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ և թուլակամ իշխանությունը չի»:

«Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը հղում է անում իրենց տարածած հայտարարությանը, որտեղ նշել են, թե «Փաշինյան արել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ և վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ»․ - «Տեքստը պարոն Փաշինյանի հայտարարության պարունակում է վիրավորական բնույթի ենթատեքստ: Կարծում եմ, բոլորին պարզ է, այստեղ լրացուցիչ պարզաբանումների կարիք չկա»:

Հայաստանի վարչապետի պաշտոնակարտարի և հեղափոխությունից հետո որպես կուսակցության գրանցված «Սասնա ծռերի» բանավեճը սկսվեց վերջիներիս հայտարարությունից, թե դեկտեմբերի 9-ին ընտրվելիք խորհրդարանը 2 տարվա կյանք է ունենալու։

«Այն ծրագիրը, որը ներկայացված է մեր այս նախընտրական բուկլետում, ներառում է առաջիկա երկու տարիները: Ոչ ավելի, որովհետև, մենք կարծում ենք, իրադարաձությունները թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում այնքան բուռն են ընթանում, նաև մեր երկրի զարգացումները նույնպես դրդելու են նրան, որ առաջիկա երկու տարուց հետո կառաջանա անհրաժեշտություն իսկապես նորից ընտրություններ անցկացնելու», - հայտարարել էր Վարուժան Ավետիսյանը:

«Սասնա ծռերի» ներկայացուցիչ Գագեին Չուքասզյանն ավելացնում է, թե վստահ են, որ այս ընտրությունները ևս լեգիտիմ են լինելու, միայն թե դրանք անցնում են ոչ քաղաքական ռեյտինգային ընտակարգով, ինչը խոչընդոտ է նորաստեղծ կուսակցություննների համար անցնել խորհրդարան․ - «Մենք գիտակցում ենք, որ էն ժամանակը, որ տրված էր այս արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու համար, բավարար չէր շատ քաղաքական ուժերի, որ կարողանան նույնպես մասնակցել էս ընտրություններին»:

«Ազատության» հարցին, թե արդյոք սա քաղաքական պահանջ է, որ ներկայացվում է դեկտեմբերի 9-ից հետո ձևավորվելիք իշխանությանը, թե պարզապես կանխատեսում, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց․ - «Պահանջի խնդիր այստեղ չկա: Պահանջը կյանքն է դնելու: Եվ մենք, որպես կուսակցություն, եթե մեր կանխատեսումը ճիշտ դուրս գա, մենք, բնականաբար, արտահայտելու ենք խորհրդարանում: Բայց սա առաջնահերթորեն կանխատեսում է, որը ոչ միայն մենք ենք անում, այլև շատ ու շատ քաղաքական գործիչներ և ուժեր»:

Նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունը, որը նախկինում հանդես է եկել որպես Հիմնադիր խորհրդարան, իսկ հանրությանն առավել հայտնի է ոստիկանության գունդը զենքով գրավելու 2016-ի իրադարձություններից, այսօր մանրամասն ներկայացրեց իր նախնըրտական ծրագիրը։

Այն բաժանված է 5 մասերի ու մանրամասն անդրադառնում է իրավունքի և արդարության, պետական կառավարման, սոցիալ-տնտեսական զագացման, Արցախի, ինչպես նաև անվտանգության ու պաշտպանության հարցերին։

Ի դեպ, Վարուժան Ավետիսյանի պնդմամբ, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանի Պաշտպանության նախարար եղած ժամանակ ներկայացված ազգ-բանակ հայեցակարգը ՀՀԿ-ն վերցրել է Հիմանդիր խորհրդարանի ծրագրերից․ - «Նախկին ռեժիմը գողանում էր ոչ միայն մեր ժողովրդի աշխատանքի արդյունքները, այլև գողանում էր գաղափարներ: Եվ մեր գաղափարներից մի քանիսը փորձեց յուրացնել, եղծել ու պղծել՝ իրեն հատուկ ձևով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG