Մատչելիության հղումներ

Այսօր Եղիշե Չարենցի մահվան 81-րդ տարելիցն է


Խորհրդային բռնապետության ժամանակաշրջանում պետական մեքենան չէր խնայում որևէ մեկին և հատկապես՝ մտավորականներին:

Ստալինյան տեռորին զոհ գնացած ավելի քան 7 միլիոն մտավորականների շարքում էին և հայ լավագույն արվեստագետներն ու մտավորականնները՝ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Զապել Եսայանը և այլք, ովքեր մեր ժողովրդի, մեր հանրության, մեր արվեստի ու մշակույթի համար համար կարևորագույն, առանցքային առաքելություն ունեին:

Ճիշտ 81 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 27-ին 40 տարեկան հասակում Երևանի բանտում ստալինյան տեռորի զոհ դարձավ մեր մեծագույն բանաստեղծներից Եղիշե Չարենցը:

«Այսօր նոյեմբերի 27-ն է: Ավանդաբար Չարենցի տուն-թանգարանը, Գրողների միությունը գնում ենք Չարենցի հուշահամալիր՝ մեր հիշատակի տուրքը մատուցելու մեծն պոետին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը:

Անցյալ տարի Չարենցի տուն-թանգարանում նրա մահվան 80-ամյա տարելիցի կապակցությամբ, ի թիվս այլ նախաձեռնությունների, տեղի ունեցավ նաև նրա պոեզիային նվիրված գիտաժողով: Այս տարի ևս Չարենցի տուն-թանգարանը հանդես է եկել նման նախաձեռնությամբ:

Ուշագրավ է, որ այս տարի «Չարենցը և իր ժամանակաշրջանը» խորագրով գիտաժողովը երկօրյա է: Գիտաժողովին ավագ և երիտասարդ սերնդի գրականագետները կներկայացնեն զեկույցներ շատ ուշագրավ թեմաներով՝ «Արևելքը Չարենցի ստեղծագործություններում» (Անահիտ Ասատրյան), «1918-20 թվականների պատմական իրադարձությունների անդրադարձը Չարենցի ստեղծագործություններում» (Դավիթ Գասպարյան), «Չարենց և Ռուսթավելի» (Հենրիկ Բախչինյան), «Եղիշե Չարենց և Ռոբերտ Մուզիլ» (Աշոտ Ալեքսանյան) և այլն:

Խոսելով տուն-թանգարանի խնդիրների մասին՝ Անահիտ Ասատրյանն ասաց․ - «Այդպես էլ չկարողացանք ապահովել նորմալ ջերմամատակարարումը և օդափոխությունը: Այս խնդիրները, իհարկե, մեծ ծախսերի հետ են կապված: Նախկինում չեն արվել կամ կիսատ-պռատ են արվել: Ես էսօր էլ Ֆեյսբուքում հանդիմանել եմ մարդկանց, ովքեր մեծ-մեծ խոսում են: Օրինակ, [Արմեն] Աշոտյանին եմ հանդիմանել: Որովհետև ինքը խոսում է և ցիտում է հույն փիլիսոփաներին: Ինձ դա ոչինչ չի տալիս: Ժամանակին, երբ որ Գիտության ու կրթության նախարարն էր, մի անգամ ոտք չի դրել էս թանգարան․․․ Ես հասկանում եմ, որ իրենք ասում են՝ օ՜, մենք շատ ավելի մեծ գործերով ենք զբաղված և աշխարհասասան գործերի մեջ ենք: Բայց եղբա՛յր, ամենաէլեմենտար բանից սկսեիք՝ սկսեիք թանգարաններ այցելելուց, մի հատ հոգսերը իմանալուց․․․ սա է խնդիրը: Թե չէ մեծ-մեծ խոսել բոլորն էլ կարող են»:

Հարցին, թե ինչ դեր կարող էր խաղալ Չարենցը այսօր՝ քարոզարշավի օրերին, Ասատրյանն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, Չարենցը ուղղակի ներկա է այս քարոզարշավի օրերին, և շատ լավ ինքը տեսնում է, թե ով է ստում, ով է շինծու հայրենասիրություն խաղում․․․ Ես էլ բարձրաձայնում եմ իր փոխարեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG