«Ինձ լուրեր են հասնում, որ ինչ-որ մարդիկ հենց Սպիտակում, էն մտահոգներից, փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ», - այսօր Սպիտակ քաղաքում քարոզարշավի ժամանակ ասաց կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը։
Նախարարի պաշտոնակատարը հայտարարեց՝ սա պետք է մերժել, արմատախիլ անել։
«Այդ մտահոգներին պետք է ասել՝ «ձեր տեղը գնացեք ձեր բիզնեսներով զբաղվեք, ձեր տեղը խելոք նստեք և մի խառնվեք քաղաքական պրոցեսներին», - ասաց Հարությունյանը։
Նա նշեց՝ ուսուցիչը պետք է մեջքը պարզած քայլի։
«Իմ պապը մեծ հեղինակություն էր էս քաղաքում, ես ուզում եմ, որ այսուհետ յուրաքանչյուր համայնքում, յուրաքանչյուր քաղաքում, Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ուսուցիչ փողոցով քայլի հենց այդպես՝ մեջքը պարզած, հարգված, թասիբով և իր աշակերտների կողմից սիրված», - ասաց Հարությունյանը՝ շարունակելով. - «Քաղաքական գործիչները որքան էլ որ բարձր վարկանիշ ունենան, նրանք չեն կարող յուրաքանչյուր աշակերտի հասնել, իրենց ասելիքը հասցնել, և այդ ասելիքը փոխանցողը, գիտելիքը փոխանցողը մեջքը պարզած, թասիբով բարձր հեղինակությամբ ուսուցիչը պետք է լինի։ Ես գիտեմ, թե որքան խնդիրներ ունեն ուսուցիչները <....> մենք միասին պետք է դպրոցը բարձրացնենք։ Յուրաքանչյուր ուսուցիչ, յուրաքանչուր տնօրեն իմ գործընկերն է այս հարցում, և ես խնդրում եմ ձեր օգնությունը՝ բարեփոխումներն առաջ տանելու համար»։