Մատչելիության հղումներ

Թեղուտի հանքավայրի և 800 գործազուրկների ճակատագիրն անորոշ է մնում


Թեղուտի հանքավայրը, արխիվ

Գործունեության 7 ամսվա դադարից հետո Թեղուտի հանքավայրի և գործազուրկ դարձած 800 աշխատողների ճակատագիրը դեռևս անորոշ է, և հնարավոր է, որ ընդամենը 3 տարվա շահագործումից հետո հանքը «Վալլեքսից» անցնի այլ ընկերության։ Այս մասին, «Ազատության» հարցին ի պատասխան, Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հավելելով՝ «Կոնկրետ այս պահին մենք լուծում չունենք: Կամ «Վալլեքս» ընկերությունը կվերաշահագործի Թեղուտի հանքավայրը, կամ կգա նոր ընկերություն»:

Ըստ փոխվարչապետի, ընկերությունը լուրջ տեխնիկական խնդիրներ ունի՝ կապված ընդամենը երեք տարի շահագործված պոչամբարի հետ։ Հակադրվելով տարիներ առաջ արված փորձաքննության արդյունքներին, մասնագետները նոր եզրակացություն են տվել, համաձայն որի, հանքի հետագա աշխատանքը վթարի մեծ ռիսկ է պարունակում։ «Հետագա շահագործման հետ կապված՝ կա ռիսկ, հետևապես անհրաժեշտ են հավելյալ ներդրումներ»,- ասաց Ավինյանը:

Այժմ, ըստ փոխվարչապետի, «Վալլեքս» ընկերությունը բանակցում է ՎՏԲ բանկի հետ՝ նոր վարկային միջոցներ ստանալու համար։ Կառավարության ներկայացուցիչն ասաց նաև, որ տեղյակ են բանակցությունների ընթացքից, սակայն, այլ մանրամասներ չհայտնեց։

Դեռ տարեսկզբին «Վալլեքս» ընկերությունը հերքում էր բնապահպանների պնդումները՝ պոչամբարում ստեղծված վթարային իրավիճակի մասին և հայտարարում, որ հանքավայրի աշխատանքը դադարեցրել են «պլանային-կանխարգելիչ վերանորոգման նպատակով»։ Ընկերության ղեկավարները հավաստիացնում էին, որ ապրիլից կվերագործարկեն հանքն ու հարկադիր պարապուրդի ուղարկված 1200 աշխատողներին հետ կկանչեն։

Մինչդեռ ապրիլի 1-ից հետո հետ կանչեցին միայն աշխատողների մեկ երրորդին, այն էլ՝ «Վալլեքսին» պատկանող այլ ընկերություններում աշխատելու համար։ Ընկերությունը «վարկերի տակ է թողել» մյուս 800 նախկին աշխատողներին, ովքեր հիմնականում Թեղուտ, Շնող և հարակից մյուս բնակավայրերից են։ Արդեն գործազուրկ դարձած հորատող կայանքի մեքենավար Հայկասար Մարուքյանն «Ազատությանն» ասաց, որ բանկերում արդեն «անհուսալի վարկառու են դարձել»։ «Մարդկանց ներկայացրել են, որ հիմնարկն աշխատելու ա, մարդիկ իրենց կենսակերպը բարելավելու համար վարկեր են վերցրել ու հիմա չեն կարողանում մարել»,- ասաց Մարուքյանը:

10 տարի առաջ Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչների մեծ մասին պատկանող՝ հանրային գերական շահ ճանաչված հողատարածքները չնչին գումարների դիմաց անցան «Վալլեքս» ընկերությանը։ Փոխարենը գյուղացիներին խոստումներ տվեցին, որ առաջիկա տասնամյակներին տարածաշրջանում լիարժեք կերպով լուծվելու է գործազրկության խնդիրը։ Հարյուրավոր հեկտարներ ընդգրկող տարածքում անտառներ հատվեցին։ Չորս տարի առաջ, հանքավայրի շահագործման նախօրեին, Թեղուտի հանքավայրի սեփականատեր «Վալլեքս» ընկերությունների խմբի ղեկավարությունը հայտարարել էր, որ 350 միլիոն դոլար են ներդրել ամենառաջավոր տեխնոլոգիաներ կիրառելու և էկոլոգիական վնասը նվազեցնելու նպատակով։ Մինչդեռ այսօր արդեն հայտարարվում է «անորոշ ապագայի» մասին։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր «Ազատությանն» ասաց նաև, թե այս հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է։ «Խնդիրը «Վալլեքս» և ՎՏԲ ընկերությունների բանակցությունների հետ է կապված, մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն շատ արագ, և հանգուցալուծումն էլ արագ տեղի ունենա»,- ասաց Ավինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG