Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը Երևանի կենտրոնում գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներ է սկսել


Երևանը բացի նրանից, որ պետք է լինի հարմար, պետք է լինի նաև գեղեցիկ, այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ։

Տեղեկացնելով, որ մայրաքաղաքի կենտրոնում գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներ են սկսել՝ քաղաքապետը նշել է, որ գործընթացը տարածվելու է քաղաքի այլ շրջաններ ևս, և այս հարցում նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն լինելու:

«Սա մեր քաղաքականությունն է: Երևանը բացի նրանից, որ պետք է լինի հարմար, պետք է լինի նաև գեղեցիկ: Մենք ուզում ենք զարգացնենք տուրիզմը՝ մոռանալով քաղաքի արտաքին տեսքի մասին: Մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր քաղաքի արտաքին տեսքին, և եթե կլինեն անհատներ և կազմակերպություններ, որոնք կփորձեն մեզ խանգարել, մենք կդիմենք կոնկրետ գործողությունների: Այս հարցում նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն լինելու», - նշել է Հայկ Մարությանը:

Անդրադառնալով կենսապահովման ոլորտի ընկերությունների անորակ աշխատանքին, որի պատճառով վնասվում է քաղաքի միջոցներով կառուցված փողոցների ասֆալտբետոնե ծածկը, Մարությանը հորդորել է խողովակների, մալուխների և այլ ենթակառուցվածքի անցկացման կամ վերանորոգման աշխատանքները սկսելուց առաջ համակարգել դրանք քաղաքապետարանի հետ:

«Մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ ընկերությունները սպասում են ասֆալտապատման աշխատանքների ավարտին, որ դրանից հետո միայն սկսեն իրենց աշխատանքները: Ուղղակի աշխատանքները պետք է համաձայնեցված իրականացվեն: Խոսքը ոչ թե ընթացիկ, այլ նախապես պլանավորված աշխատանքների մասին է: Խնդրում եմ մեր ընկերություններին և պահանջում՝ ձեր աշխատանքները կատարեք պատշաճ որակով», - ասել է քաղաքապետը:

Պատասխանատուները Հայկ Մարությանին զեկուցել են, որ քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես, Ավան վարչական շրջանում, շարունակվում է ապօրինի շինությունների և կրպակների ապամոնտաժումը:

«Եթե լինեն սուբյեկտներ, որոնք կփորձեն խանգարել օրինական գործողությունները, մենք շատ կտրում ենք արձագանքելու: Թող անգամ չփորձեն պահել այն իրավիճակը, որն այլևս գոյություն չունի», - ասել է Հայկ Մարությանը:

Տեղեկանալով, որ մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանում սահմանված ժամկետում չի իրականացվել ընթացիկ տարվա համար նախատեսված ծրագիրը, Հայկ Մարությանը հայտարարել է. - «Այսուհետ այն ընկերությունները, որոնք համագործակցում են Երևանի քաղաքապետարանի հետ և թույլ են տալիս նման թերացումներ, հայտնվելու են սև ցուցակում և այլևս մեզ հետ չեն աշխատելու: Քաղաքապետարանի հետ աշխատելու են միայն այն ընկերությունները, որոնք կարող են պատշաճ որակով կատարել իրենց աշխատանքները»:

Խիստ նկատողություն է տրվել նաև այն պատասխանատուներին, որոնք քաղաքացիների գրավոր դիմումներին պատասխանում են առանց խնդրի էությանը հանգամանալից ծանոթանալու:

«Ինձ մոտենում են քաղաքացիներ և հետաքրքրվում, թե ինչո՞ւ հիմա և 3 տարի առաջ նույնաբովանդակ նամակին տրվել է բացառապես նույն պատասխանը: Եթե անգամ քաղաքացու դիմումը պետք է ստանա նույն պատասխանը, ապա ես պետք է տեսնեմ, որ աշխատանք է կատարվել, որ հարցը նորից ուսումնասիրվել է և ոչ թե քոփի-փեյսթ է արվել և հետ ուղարկվել: Չի կարող քաղաքացու կողմից 3 տարի առաջ բարձրացված խնդիրը նույն պատասխանը ստանա այսօր: Յուրաքանչյուր արտատպած նամակի համար աշխատողը հեռացվելու է աշխատանքից». - ասել է Մարությանը:

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքի մանկապարտեզները և դպրոցները գրեթե ամբողջությամբ պատրաստ են ջեռուցման շրջանի մեկնարկին:

Խորհրդակցության ավարտին քաղաքապետն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, «Սանիթեք» ընկերությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է փողոցները մաքրել տերևներից՝ բացառելով դրանց այրումը: Համապատասխան վարչություններին էլ հանձնարարվել է ուսումնասիրել և առաջարկներ ներկայացնել գետնանցումների մաքրության և լուսավորության խնդրի լուծման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG