Մատչելիության հղումներ

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել ՔԿՀ-ներ․ բողոքների որոշ մասը վերաբերել է համաներման ակտի կիրառմանը


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի 16-ին և 22-ին չհայտարարված այցեր են իրականացրել «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ։

Ըստ օմբուդսմենի գրասենյակի, տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված շուրջ 26 անձի հետ:

Բողոքների որոշ մասը վերաբերել է ընդունված համաներման ակտի կիրառմանը:

Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը:

Բարձրացված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի, ինչպես նաև բժշկական սպասարկման բաժնների ներկայացուցիչների հետ։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև հացադուլ հայտարարած թվով 5 անձի հետ։

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։

Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովը միաձայն ընդունեց քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը։ Այն ուժի մեջ մտավ նոյեմբերի 6-ին։

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել էր կառավարությունը:

Համաներումն ընդհանուր առմամբ տարածվում է 6 հազար 500 անձանց վրա․ 835 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուրի պատժաչափը, մյուսները կազատվեն քրեական հետապնդումից կամ պայմանական ազատազրկումից:

Ըստ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, նոյեմբերի 23-ի դրությամբ ազատ է արձակվել 523 դատապարտյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG