Ռուս մաքսավորները սկսել են ստուգել ու հենց Ռուսաստանի սահմանին բռնագրավել այն գրքերը, որոնք, իրենց համոզմամբ, հակասում են Կրեմլի շահերին: Արգելվածների ցանկում է հայտնվել, օրինակ, Արևմուտքում հայտնի հրապարակախոս, նախագահ Պուտինի մասին բազմաթիվ քննադատական հոդվածներով ու գրքերով հայտնի Մաշա Գեսենի վերջին՝ «Ինչպես տոտալիտարիզմը վերադարձավ Ռուսաստան» աշխատությունը:
Սանկտպետերբուրգցի փաստաբան Սերգեյ Գոլուբկովը շաբաթներ առաջ «Ամազոնից» պատվիրել է այդ գիրքը, վճարել առաքման՝ DHL ծառայության համար, բայց այդպես էլ չի ստացել: Պուլկովո օդանավակայանի մաքսավորները շաբաթասկզբին Գոլուբկովից գրավոր հավաստագիր են պահանջել, որ գիրքը «ծայրահեղականության ու ահաբեկչության կոչեր չի պարունակում», հետո նոր հարցում ուղարկել՝ հետաքրքրվելով՝ արդյոք գրքում չկան «որոշակի հայացքների ու գաղափարախոսության նշաններ», և ի վերջո՝ այն առգրավել և ուղարկել փորձաքննության: Գոլուբկովը, որ տարիներ առաջ աշխատել է Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարությունում, սա ակնհայտ գրաքննություն է համարում: - «Ֆիզիկական անձանց ուղարկված նամակները, ծրարները կարող են բացվել միայն դատարանի որոշմամբ: Այս դեպքում, սակայն, առանց դատական որոշման գիրքը առգրավվել է, և հիմա չգիտեմ էլ՝ դրա հետ ինչ է կատարվում: Ենթադրում եմ, որ ինչ-որ փորձաքննություն են անցկացնում, որի շրջանակներում ստիպված կլինեն թարգմանել հինգ հարյուր էջ անգլերենից՝ ռուսերեն: Հարկատուների հաշվին, իհարկե», - ասում է Գոլուբկովը:
Մաքսավորների համոզմամբ «վնասակար» այդ գրքում հեղինակը պատմում է՝ ինչպես է Ռուսաստանը հետզհետե դարձել բռնապետական պետություն․ Խորհրդային Միության փլուզումից մինչև ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանություն: Ընդ որում, Գոլուբկովի օրինակին հետևելով, նույն գիրքը Ամազոնից պատվիրել, բայց այդպես էլ չի ստացել նաև նրա Մոսկվայում բնակվող գործընկերը՝ Գլեբ Բոգուշը:
«Ինձ այսօր առավոտյան հենց Ամազոնից տեղեկացրին, որ գիրքը առգրավել են Մաքսայինում: Կարծում եմ՝ Ռուսաստանի մյուս քաղաքացիների նման, ես էլ տեղեկատվություն ստանալու իրավունք ունեմ՝ միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին համապատասխան», - մեկնաբանում է Գոլուբկովը:
Լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան Ռուսաստանի մաքսային ծառայությունը պարզաբանել է՝ առաջնորդվում են Եվրասիական տնտեսական միության կանոնադրությամբ: Պարզվում է՝ Կրեմլի նախաձեռնած դաշինքը, որի անդամ է նաև Հայաստանը, 2015 թվականին որոշում է ընդունել, ըստ որի արգելվում է «տպագիր և տեսաձայնային նյութերի ներմուծումը, որոնք կարող եմ վնաս հասցնել միության անդամ երկրների քաղաքական կամ տնտեսական շահերին, պետական անվտանգությանը, քաղաքացիների առողջությանն ու բարոյականությանը»: Թե հատկապես որ գրքերը կամ նյութերը կարող են վնասակար լինել, ինչ սկզբունքներով է դրանց վտանգավորությունը որոշվելու՝ պաշտոնյաները չեն մանրամասնում, ԵԱՏՄ որոշումներում ևս այդ մասին բառ չի ասվում: Հստակ է, սակայն, որ դրսից գիրք պատվիրելիս քաղաքացին պարտավոր է ապացուցել իշխանություններին, որ այն պետության շահերին չի հակասում:
Ի դեպ, BBC-ի ռուսական ծառայությունը պարզել է, որ Եվրասիական միությունում ընդունված այդ որոշումից հետո՝ անցած երեք տարում, Ռուսաստանի մաքսային ծառայության հետ խնդիրներ են ունեցել նաև առնվազն երկու ճապոնացի գիտնականներ, որոնք փորձել են իրենց հետ Կուրիլների մասին գրքեր բերել: Ռուս մաքսավորներին դուր չի եկել, որ վիճահարույց կղզիները քարտեզներում ներկայացված են եղել որպես Ճապոնիային պատկանող տարածքներ, և դրանք առգրավվել են:
Այսօր թեմային անդրադարձել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, փաստելով՝ խորհրդային տարիներից հայտնի գրաքննությունը վերադառնում է Ռուսաստան: Ընդ որում, հեղինակավոր կազմակերպությունը մտահոգիչ է համարում հատկապես այն փաստը, որ այս միտումը կարող է տարածվել նաև Ռուսաստանի սահմաններից դուրս՝ Եվրասիական միության անդամ մյուս երկրներում, որտեղ, ընդհանուր առմամբ, 183 միլիոն մարդ է ապրում: