Մատչելիության հղումներ

Պուտինի վարկանիշը մոտ 10 տոկոսի անկում է գրանցել


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացնում բարձրաստիճան զինվորականների հետ, Սոչի, 21-ը նոյեմբերի, 2018թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացնում բարձրաստիճան զինվորականների հետ, Սոչի, 21-ը նոյեմբերի, 2018թ.

«Լևադա» հետազոտական կենտրոնի հարցման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշն անկում է արձանագրել:

Եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի օրը, հարցվածների 56 տոկոսը Պուտինին կընտրեր Դաշնության ղեկավար: Նախորդ հարցման արդյունքներով՝ նրա օգտին կքվեարկեր ռուսաստանցիների 66 տոկոսը:

10 տոկոսով անկումը, փորձագետների համոզմամբ, բացատրվում է կենսաթոշակի համակարգի փոփոխություններով, որը շատ մեծ դժգոհություն է առաջացրել Ռուսաստանում:

Հարցվածների գրեթե երկու երրորդը՝ 61 տոկոսը, համոզված է, որ նախագահն է պատասխանատվություն կրում երկրում առկա հիմնախնդիրների համար: Դա ամենաբարձր ցուցանիշն է «Լևադա»-ի հետազոտությունների ամբողջ պատմության ընթացքում:

Եվս 22 տոկոսը ենթադրում է, որ երկրում ստեղծված վիճակի համար Վլադիմիր Պուտինը «մասամբ է պատասխանատվություն կրում»: 10 տոկոսը համոզված է, որ «նախագահն ամեն ինչ ճիշտ է անում, իսկ մեղավոր են անհոգ և կաշառված չինովնիկները»:

Հարցվածների 6 տոկոսի կարծիքով՝ «դժվարությունները բխում են օբյեկտիվ հանգամանքներից»:

Ճիշտ մեկ տարի առաջ Վլադիմիր Պուտինի ամբողջական պատասխանատվության գործոնը նշել է հարցվածների 55, իսկ «մասնակի պատասխանատվությունը»՝ 21 տոկոսը:

Անցած հոկտեմբերին «Լևադա» կենտրոնն անցկացրել է նմանօրինակ հարցում, որի արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիների մեկ երրորդը հավանություն չի տվել Պուտինի աշխատանքին:

Ընդ որում, 41 տոկոսը կարծիք է հայտնել, որ «երկիրը Պուտինի ղեկավարության ներքո սխալ ճանապարհով է ընթանում»:

«Լևադա» կենտրոնի վերլուծաբան Դենիս Վոլկովի փոխանցմամբ՝ Կրեմլին չի հաջողվել համոզել ռուսաստանցիներին, թե Պուտինը ոչինչ չգիտեր թոշակների համակարգի փոփոխության մասին և իբր չի խառնվել այդ աշխատանքին, քանի որ այն վերապահված էր վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ղեկավարած կառավարությանը և օրենսդիրներին:

Մարդիկ չեն վստահել այդ հավաստիացումներին, քանի որ գիտեն, որ Ռուսաստանում միայն Պուտինին է վերապահված այդօրինակ համազգային նշանակության բարդ և կարևոր խնդիրների տնօրինումը:

Վերջին հարցումը, որի արդյունքներն այսօր են հրապարակվել, «Լևադա» կենտրոնն անցկացրել է այս տարվա հոկտեմբերի 18-24-ը Դաշնության 52 սուբյեկտների 136 բնակավայրերում՝ 18 տարեկանից բարձր 1600 մարդկանց շրջանում:

Ըստ վերլուծաբանների, 1600 չափահասների շրջանում հարցման վիճակագրական սխալի հավանականությունը 1.5-3.5 տոկոս է, ինչը վկայում է արդյունքների արժանահավատության մասին:

Պուտինի վարկանիշի ամենաբարձ թիվը՝ 88 տոկոս, գրանցվել է 2014-15 թվականներին, ինչն, ամենայն հավանականությամբ, կապված է Ղրիմի բռնակցմանը հաջորդած համազգային խանդավառության հետ:

Փաստորեն, Պուտինի վարկանիշը թոշակային համակարգի բարեփոխման պատճառով իջել է «նախաղրիմյան» ցուցանիշի:

Վլադիմիր Պուտինը 1999-2000 թվականներին աշխատել է որպես վարչապետ, ընդ որում նախագահ Բորիս Ելցինի հրաժարականից հետո՝ 1999 թվականի դեկտեմբերի 31-ից աշխատել է նաև որպես նախագահի պաշտոնակատար:

2000 և 2004 թվականներին Պուտինը երկու անգամ 4 տարով ընտրվել է նախագահ, 2008-12 թվականներին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը՝ նախագահությունը վստահելով Դմիտրի Մեդվեդևին:

2012 թվականին՝ արդեն փոփոխված Սահմանադրությամբ, նա 6 տարով է ընտրվել նախագահ, ապա այս տարվա մարտի 18-ին վերընտրվել է վերստին վեց տարով. այդ ժամկետը կսպառվի 2024-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG