Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղում ձյուն է տեղում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: