Մատչելիության հղումներ

Ակնկալվում է, որ այսօր հայտնի կդառնա Ինտերպոլի նոր ղեկավարի անունը


Ինտերպոլի նախկին նախագահ Մենգ Հոնգվեյ, արխիվ
Ինտերպոլի նախկին նախագահ Մենգ Հոնգվեյ, արխիվ

Մի քանի ժամից ակնկալվում է, որ Դուբայում հայտնի կդառնա Միջազգային քրեական ոստիկանության՝ Ւնտերպոլի նոր ղեկավարի անունը:

Կառույցի նոր նախագահի ընտրության հարցն օրակարգում հայտնվեց, երբ նախորդ ղեկավարը՝ Մենգ Հոնգվեյը կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու կասկածանքով ձերբակալվեց Չինաստանում, որտեղ նախկինում զբաղեցնում էր այդ երկրի Հանրային անվտանգության փոխնախարարի պաշտոնը:

Ինտերպոլի նոր ղեկավարի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներից մեկն այդ կառույցի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար հարավկորեացի Քիմ Յոնգ Յանն է, մյուսը՝ ռուսաստանցի 56-ամյա գեներալ Ալեքսանդր Պրոկոպչուկը, ով զբաղեցնում է Ինտերպոլի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Վերջինիս թեկնածությունը կրքեր է բորբոքել. միջազգային հանրությունը՝ իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, կոչ են անում կանխել աշխարհի ամենաազդեցիկ միջազգային իրավապահ կառույցի ղեկավարի պաշտոնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորներից համարվող Պրոկոպչուկի հնարավոր ընտրությունը։

«Աղվեսը հավաբնում», այսպես են բնորոշել ամերիկյան Սենատի դեմոկրատական և հանրապետական կուսակցությունները ռուսաստանցի գեներալի հնարավոր նշանակումն Ինտերպոլի ղեկավարի պաշտոնում։

Լիտվան սպառնում է դուրս գալ Ինտերպոլից, եթե կառույցի ղեկավարը դառնա Պուտինի մերձավոր դաշնակիցը: Կիևը նույնպես մտադիր է սառեցնել անդամակցությունը:

«Արդար դատարան» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել է, որ «անթույլատրելի կլիներ, որպեսզի մի երկիր, որն աչքի է ընկել Ինտերպոլի կանոնների խախտումներով, ղեկավար պաշտոն ստանա այդ կարևոր վերահսկիչ կազմակերպությունում:

Ուկրաինայում ծնված, ռուսաստանում գործունեություն ծավալած և հենց այդ երկրում հաջողությունների հասած գեներալի նշանակումը, ինչպես նկատում է միջազգային մամուլը, Կրեմլի համար մեծ հաղթանակ կլինի, քանի որ Ռուսաստանը նախկինում Ինտերպոլը փորձել է օգտագործել՝ իր քաղաքական ընդդիմախոսներին հետապնդումների ենթարկելու նպատակով:

Ռուսաստանի նախաձեռնած այդօրինակ մի շարք աղմկահարույց ձերբակալություններից հետո այս տարվա ամռանը բրիտանական խորհրդարանը և ամերիկյան Կոնգրեսը նույնիսկ պահանջել են սահմանափակել Ռուսաստանի մուտքը Ինտերպոլի տվյալների բազա:

Մոսկվան կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները, մասնավորապես, վրդովմունք հայտնելով ամերիկյան սենատորների հայտարարության կապակցությամբ։

«Երևի դա ընտրական գործընթացի յուրատեսակ միջամտություն է։ Իսկ ինչպե՞ս այլ կերպ այդ ամենը որակել։ Այդուհանդերձ կլինեն ընտրություններ։ Եկեք սպասենք արդյունքներին», - արձագանքել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG