Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Կենդանաբանական այգու միակ զեբրի անկման դեպքի առթիվ


Լաբորատոր հետազոտության տվյալներով, զեբրը սատկել էր մկնդեղով թունավորվելու հետևանքով:

Գործը հարուցվել է ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։ Գործն ուղարկվել է քննչական կոմիտե։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, Քննչական կոմիտեն նյութերը դեռ չի ստացել:

Լաբորատոր հետազոտության տվյալներով, զեբրը սատկել էր մկնդեղով թունավորվելու հետևանքով: Թե ով է պատասխանատու զեբրի անկման համար և արդյոք այգու աշխատակիցների կողմից է դա արված, դեռևս պարզ չէ, բայց Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պնդում է՝ զեբրի թունավորումը դիտավորյալ արված քայլ է։ Նրա խոսքով՝ կան ուժեր, որոնց հետաքրքրությունները շատ մեծ են այգու նկատմամբ։

«Դա հանցանք է այսինքն՝ պետք ա լինես հանցագործ, որպեսզի անմեղ կենդանուն սպանես, որպեսզի քո հարցերը կարողանաս լուծել։ Ես չեմ կարող պատկերացնել, որ դա կարա անի աշխատակից: Սա որոշակի ուժեր են, որոնք որ պետք ա, որ իրավապահ մարմինները պետք ա հասկանան՝ որտեղի՞ց ա սա գալիս, ո՞ւմ միջնորդությամբ և ի՞նչ նպատակներ ունեն։ Մարդիկ են, ովքեր որ կենդանիներով զբաղվելը կամ «կենդանի սիրելը» իրենց բիզնեսն է դարձել։ Իրենք դրանով հա՛մ տուն են պահում, հա՛մ զբաղվում են, հա՛մ իրենց աշխատանքն են համարում։ Վերածվել է բիզնեսի, որը որ նաև ենթադրում է կենդանիների առքուվաճառք, կենդանիների բազմացում, կապեր տարբեր երկրների հետ, տեղափոխություն։ Կենդանաբանական այգին ի սկզբանե, այսինքն 2011 թվականից սկսած, դեմ ա եղել որևիցե տեսակ էկզոտիկ կենդանիների ներմուծում, արտահանում և այլն։ Կարևոր է նաև Կենդանաբանական այգու գործառույթը, որպեսզի կարողանան որոշակի թղթաբանություն, ներմուծում, արտահանում ավելի հետշ իրականացնեն։ Եթե ես չլինեմ որպես տնօրեն, այլ այլ մարդ, ով թույլատրելի կլինի իր համար կենդանիներով զբաղվել, կարող է դա իրականացնել», - նշեց Ռուբեն Խաչատրյանը։

Կենդանաբանական այգու աշխատակից Գևորգ Գրիգորյանը, որը Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը պահանջող աշխատակիցներից է, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե Կենդանաբանական այգում անառողջ մթնոլորտ է տիրում: Նա, սակայն, բացառեց, որ այգու աշխատակիցներից որևէ մեկը կփորձեր կենդանիներին վնասել. - «Մեր աշխատողների մեջ նման արարած չկա։ Չկա տենց մարդ»։

Մինչդեռ այգու տնօրենն ասաց, թե այսօր արդեն երրորդ անգամն է, ինչ սաբոտաժային երևույթներ են նկատում այգում և դրանք, իր պնդմամբ, այն ժամերին են տեղի ունեցել, երբ այգում այցելուներ չեն եղել, միայն աշխատակիցներն են եղել։

«Այսօր գտանք մեկ լար, որը փաթաթված էր այն հոսանքալարերին, որոնք որ վայրի կենդանիների պաշտպանիչ շերտն են հանդիսանում վայրի կենդանիների և մարդկանց։ Եվ այդ հոսանքալարը այնտեղ նետելով կարող էր առաջանալ կարճ միացում, որով որ չաշխատեր այդ սարքը, դրա հետևանքով՝ կենդանին կարող էր ուղղակի մագլցել կամ դուրս գալ։

Կենդանապաշտպանները տարիներ շարունակ բարձրաձայնել են կենդանիների պաշտպանության հարցով օրենսդրական բացի մասին։ «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը շարունակում է խնդրի մասին խոսել, նշում է, որ ոլորտի օրենսդրական բացի հետևանքով է, որ ականատեսն ենք լինում վերը նշված խնդիրներին. - «Ցանկացած ոլորտի կարգավորման առաջին հիմնախնդիրը դա օրենսդրական դաշտն է։ Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի առումով մեր օրենսդրական դաշտն ամբողջությամբ բաց է և այստեղ է, որ քրեական պատասխանատվությունից մինչև ուղղակի վարչական իրավախախտումներ չունենք այնպիսի կարգավորման ձևեր, որոնք հասարակությանը թույլ կտան հասկանալ, թե ինչ կարող է և ինչ չի կարող քաղաքացին և ինչ պետք է անի և ինչ չպետք է անի պատկան մարմինը», - ընդգծեց Նարե Արամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG