Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան․ «Որևէ փոփոխություն չի լինի՝ առանց ժողովրդի համաձայնության»


Այսօր ավելի քան երեք ժամ տևած ասուլիսի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասնորեն անդրադարձավ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին, ՀԱՊԿ անդամ Բելառուսի հետ ունեցած վերջին օրերի լարված հարաբերություններին, ինչպես նաև այդ երկրի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին։

«Բելառուսի նախագահը հրավիրում է Ադրբեջանի դեսպանին և ասում է՝ գիտեք, Աստանայում սենց էղավ, սենց էղավ, սենց խնդիր կա, սենց խնդիր կա․․․ Ես հարց եմ տալիս․ եղե՞լ է գոնե մի դեպք, երբ Բելառուսի նախագահը հրավիրի Հայաստանի դեսպանին, ասի՝ գիտեք ինչ, հիմա մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, էկել են, մեզնից զենք են ուզում, ուզում եմ Ձեզ տեղեկացնեմ, որ այ սենց քննարկում էղավ, իրանք էս զենքից են ուզում, էս գնով են ուզում, մենք էլ սենց մտածում ենք՝ տանք-չտանք: Եղե՞լ է նման իրավիճակ: Չի եղել: Իսկ ՀԱՊԿ կանոնադրության մեջ գրված է, որ մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:

«Մենք խստորեն դատապարտում ենք Ադբեջանի և Բելառուսի միջև տեղի ունեցած զենքի վաճառքի գործարքը, որն ուղղված է Հայաստանի շահերի դեմ», - հայտարարեց Փաշինյանը: - «ՀԱՊԿ-ում պետք է պարզ լինի, թե յուրաքանչյուր երկիր ինչ պարտավորություն ունի մյուսի նկատմամբ, երկրները ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության, և կազմակերպությունն ինչ պարտավորություն ունի երկրների նկատմամբ»։

Այս համատեքստում Փաշինյանը հիշեց նաև նախկին իշխանություններին և նրանց հետ կոալիցիա կազմած ուժերին․ - «Նախկին կոալիցիոն մեծ-մեծ բրդողները թող ասեն իրանք էս իրավիճակում ինչ են արել: Ոչ մի բան էլ չեն արել, բերանները ջուր առած նստել են: Ու գիտե՞ք ինչի են բերանները ջուր առած նստել, որովհետև նրանք ոչ թե առաջնորդվել են Հայաստանի շահերով, այլ մտածել են՝ մի րոպե, ստեղ էսքան բիզնես ունենք, ստեղ էսքան բիզնես ունենք, ստեղ էնքան բիզնես ունենք․․․ Նոր իրավիճակը դրանում ա, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում ա մի մարդ, որը ոչ մի տեղ ոչ մի բիզնես չունի: Մենք հարց ենք տալիս՝ այդ զենքը, որը վաճառում եք մի մարդու, որը սպառնում է, որ Հայաստանի մայրաքաղաքը գրավելու է, դա ի՞նչ է նշանակում»:

Դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովին գլխավոր քարտուղարի հարցը մնալու է Հայաստանի օրակարգում, բայց վարչապետի պաշտոնակարտարը հստակեցրեց, որ ՀԱՊԿ-ին առնչվող հարցերից սա ամենաէականը չէ, և կան ավելի ընդգրկուն հարցեր. - «Էստեղ քննարկվում ա Հայաստանի անվտանգությունը, էստեղ քննարկվում ա Արցախի անվտանգությունը, և պետք է հստակ հասկանալ՝ այն, ինչը որ մենք համարում ենք անվտանգության համակարգ․․․ ի՞նչ ենք նկատի ունենում մենք, ի՞նչ ակնկալիքներ ունենք մենք այդ համակարգից և ինչի՞ է պատրաստ այդ համակարգը»:

Նոր կառավարության գլխավոր խնդիրը տնտեսական հեղափոխություն իրականացնելն է

Քաղաքական հեղափոխությունից հետո, Փաշինյանի խոսքով, իր կառավարության գլխավոր խնդիրը տնտեսական հեղափոխություն իրականացնելն է լինելու՝ նախկին իշխանությունների նման ոչ թե աղքատ լինելը, այլ աշխատանքը խրախուսելու ճանապարհով։

Տնտեսության ոլորտում իր վարչապետության կես տարվա ամենամեծ ձեռքբերումը Փաշինյանը համարում է մենաշնորհների վերացումը, ամենամեծ ձախողումը՝ հանքարդյունաբերության շուրջ ստեղված իրավիճակը․ - «Տնտեսական ոլորտում ամենամեծ հաջողությունը համարում եմ Հայաստանից մենաշնորհների վերացումը, ինչը տասնյակ տարիներ, գործնականում Հայաստանի անկախության առաջին տարիներից համարվել է մեր տնտեսական զարգացման առանցքային խոչընդոտը: Երկրորդը համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարը, որը էլի տասնյակ տարիներով և ընդհանրապես բոլոր մասնագետների պնդմամբ, տնտեսության զարգացման կարևորագույն խոչընդոտ է: Ամենամեծ ձախողումը և պրոբլեմը համարում եմ այն, որ հանքարդյունաբերության շուրջ մեր կողմից իրականացվող քաղաքականությունը, որը ես, այնուամենայնիվ, համարում եմ, բխում է Հայաստանի ազգային շահերից, որոշակի նեգատիվ ֆոն ստեղծում է ներդրումային միջավայրի համար: Բայց ես համոզված եմ, որ ներդրումային այդ ֆոնը անպայման կվերականգնվի»:

Փաշինյանը չբացահայտեց, թե իր կաբինետի անդամներից ում աշխատանքից է գոհ եղել վերջին ամիսներին, ումից՝ դժգոհ, բայց նշեց, որ ընտրություններից հետո տեղի է ունենալու օպտիմալացում, 17 նախարարություն Հայաստանում չի լինելու․ - «Եթե ելնենք այն կանխավարկածից, որ նախարարությունների թիվը կարող է կրճատվել հինգով, դա արդեն հսկայական կադրային փոփոխություններ են նաև կառավարությունում»:

«Մեդիա արշավների» մասին

Չշրջանցվեց կառավարության տարբեր անդամների դեմ «մեդիա արշավների» թեման, երբ, օրինակ, կեղծ էջեր տարածում են լուսանկար, թե իբր Կրթության նախարարը ուղղագրական սխալներով է գրում, կամ թիրախավորում են Առողջապահության նախարարին․ - «Ասում են՝ նախարարը, պատկերացնո՜ւմ եք, ասեց փետրվարի 31․․․ Որևէ մեկը պատկերացո՞ւմ է, թե ում մասին է խոսում: Որևէ մեկը կանխավարկած ունի, որ, ասենք, Տրանսպորտի նախարարը չգիտի, որ փետրվարի 31 չկա՞․․․ Արսեն Թորոսյանի նկատմամբ ինչի՞ ա արշավ սկսվել: Շատ պարզ պատճառով: Որովհետև Արսեն Թորոսյանը համարձակվել ա ոտնձգություն անի նախորդ կառավարության սրբության սրբոցի․․․ հասկանո՞ւմ եք, բա ո՞նց, Միքայել Մինասյանի ընտանիքի հետ կապված որևէ մեկը կարա էդպիսի բան անի՞, ով տիրապետում ա Հայաստանի տեղեկատվական ռեսուրսների ձեզ հայտնի չափաքանակին: Որը, ի դեպ ասեմ, մենք մեր խոստման համաձայն, սեփականության վերաբաշխում չենք արել, որ մեկի ձեռից, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, ոչ մի լրատվամիջոց չենք խլել և չենք պատրաստվում խլել»:

«Սոցցանցերի ֆեյք, կեղծ էջերին թույլ չենք տալու հանրային կարծիք ձևավորել», - խոստացավ վարչապետի պաշտոնակատարը: - «Բոլորը բոլոր ռեսուրսներին տիրապետում են, և իրանց թվում ա, թե իրանց կհաջողվի իրենց ֆեյքերի միջոցով հանրային կարծիքի ձևավորել: Թույլ չենք տալու: Որովհետև մենք համոզված ենք, որ ձեր հազար լրատվամիջոցները մենք մի մեր ճշմարտությամբ կջախջախենք ձեր բոլոր ֆեյքերին»:

Արձագանքելով իր կառավարության անդամներին անփորձության մեջ մեղադրողներին՝ Փաշինյանն ասաց, որ ուրախ է, որ նրանք կոռուպցիայի փորձ ևս չունեն: Իսկ եթե ունենան, կարժանանան խիստ պատժի․ - «Էն պաշտոնյան մեր իշխանությունից, որ կուզենա կոռուպցիայի փորձ ձեռք բերի, նա իմ անձնական թշնամին ա, ամենադաժան պատժին կենթարկվի, որին նույնիսկ չեն արժանանա էն քյոհնա կոռուպցիոներները»:

«Որևէ փոփոխություն չի լինի՝ առանց ժողովրդի համաձայնության»

Անդրադառնալով երեկ աղմուկ բարձրացրած եկամուտները հայտարարագրելու կամ արտագնա աշխատողներին հարկելու նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը նորից նշեց, որ դա ընդամենը գաղափար էր, որն անգամ թղթի վրա չէր շարադրվել, և իր կառավարությունը գնալու է քաղաքացիների հարկային բեռը թեթևացնելու, ոչ թե ավելացնելու ճանապարհով․ - «Մեր ընկալումն այն է, որ չի կարող որևէ փոփոխություն, հարկային բեռի ավելացում լինել՝ առանց ժողովրդի համաձայնության և քաջալերանքի և մանդատի»:

Հարցին, թե որքան չարաշահված կամ յուրացված գումար է հեղափոխությունից հետո վերադարձվել բյուջե, Փաշինյանը պատասխանեց․ - «Կան քրեական գործեր, և ես Ազգային ժողովում ասացի, որ այդ քրեական գործերը վերաբերում են մոտավորապես էս պահի դրությամբ 64 միլիարդ դրամի․ չարաշահումներ, յուրացումներ և այլն: Արդյո՞ք սա ամբողջն է: Ոչ, ամբողջը չէ: Ինչո՞ւ ամբողջը չէ, որովհետև ես արդեն ասացի, որ մեր քննչական մարմինները ունեն որոշակի հնարավորությունների սահմանափակում, և երբ որ այս քրեական գործերը կավարտվեն, կուղարկվեն դատարան, կգան նոր քրեական գործեր, որոնք նույնպես կքննվեն և կուղարկվեն դատարան»:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը պատրաստ է մասնակցել հեռաուստաբանավեճի՝ եթե մյուս ուժերի առաջին դեմքերը ևս մասնակցեն դրան:

XS
SM
MD
LG