Մատչելիության հղումներ

Խարդախությամբ փորձել են «Էյչ-Էս-Բի-Սի» բանկից 1 միլիոն եվրո հափշտակել․ ՔԿ


«Էյչ-Էս-Բի-Սի»-ի երևանյան մասնաճյուղերից մեկը, արխիվ
«Էյչ-Էս-Բի-Սի»-ի երևանյան մասնաճյուղերից մեկը, արխիվ

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ խարդախությամբ փորձ է կատարվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից հափշտակել 1 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Դեպքի վերաբերյալ հաղորդումը Քննչական կոմիտեն ստացել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ից մայիսին, ըստ որի՝ քաղաքացու կողմից ներկայացվել է բանկային կեղծ մուրհակ՝ 1 միլիոն եվրո վճարելու պարտավորության վերաբերյալ։

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին, ապրիլին ժամանելով Հայաստան, տարբեր անձանց հետ հանդիպումների ժամանակ ներկայացել է որպես գործարար և ցանկություն հայտնել Հայասատնում ներդրումներ կատարելու մասին: Ապրիլի 9-ին օտարերկրացին «էյչ-Էս-Բի-Սի» բանկի գլխամասային գրասենյակում ներկայացրել է «էյչ-Էս-Բի-Սի Բանկ» Փի Էլ Սի ընկերության տվյալներով լրացված, 06.10.2017 թվագրված մուրհակ և նամակ՝ ընկերության անվերապահ պարտավորության վերաբերյալ՝ մուրհակի շահառու ընկերությանը կամ մուրհակը ներկայացնողին վճարել 1 միլիոն եվրոյի չափով գումար, և պահանջել բանկից իրեն կանխիկ վճարել նշված 561 միլիոն 190 հազար դրամին համարժեք 1 միլիոն եվրո գումարը, ասված է հաղորդագրությունում:

Մուրհակի վրա առկա անձանց ստորագրությունների իսկությունն ստուգելիս պարզվել է, որ դրանք կեղծ են և բանկ է ներկայացվել կեղծ մուրհակ։ Օտարերկրացին, հասկանալով, որ ներկայացված մուրհակը կասկածի տեղիք է տվել, կարճ ժամանակ անց՝ նախքան բանկի կողմից իրավական ընթացք տալը, հեռացել է Հայաստանից։

Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նոյեմբերի 3-ին որոշում է կայացվել օտարերկրացուն՝ Իրանի քաղաքացուն, Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի (խարդախության փորձ) 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG