Մատչելիության հղումներ

Միքայել Մելքումյան․ Գազի և էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է իջեցնել


Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը կարծում է, որ թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է իջեցնել:

Մինչ «Գազպրոմ»-ում պնդում են, թե վնասով են աշխատում, հանձնաժողովն արդեն մեկ ամիս է, ինչ ուսումնասիրում է այս ոլորտները՝ հասկանալու, թե որքանով է սակագինը հիմնավորված, և հնարավոր է արդյոք իջեցնելու տարբերակներ գտնել:

Ըստ Մելքումյանի, էլեկտրաէներգիայի դեպքում արդեն փետրվարին հնարավոր է սակագինն իջեցնել առնվազն 3 դրամով: Գազի սակագինը ևս հնարավոր է իջռցնել, սակայն Մելքումյանը դեռ չի հրապարակում, թե որքանով:

Այժմ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ռուսաստանի միջև սահմանին գազի գնի շուրջ, և Մելքումյանը կարծում է, որ Ռուսաստանը գինը նվազեցնելու տեղ ունի․ - «Իհարկե, պետք է բանակցությունները շարունակվեն և հնարավորության դեպքում սահմանի վրա գազի գնի հավանական իջեցում մենք ակնկալենք, որովհետև Եվրասիական տնտեսական միության մեկ այլ երկիր ստանում է 132 դոլարով սահմանի վրա»:

Նրա խոսքով, պետք է զբաղվել կորուստներով, որ սակագնի մեջ 6,69 տոկոս են կազմում: Ընդ որում, մոտ 4,5 տոկոսը կորչում է ոչ թե բաշխիչ ցանցից, այլ գազատարից։ Մեկ տոկոս գազ կորչում է Վրաստանից Հայաստան հասնելու ճանապարհին՝ 15 կիլոմետրանոց հատվածում, որը Հայաստանի տարածքում չէ։

Ուշագրավ է, սակայն, որ Հայաստանի տարածքում գազատարից կորուստը 3,5 տոկոս է կազմում․ - «Բնականաբար, «Գազպրոմը» ասում ա՝ հիսուն տարվա մայրուղիներ են, երեսուն-քառասուն տարվա: Ես կարծում եմ, էստեղ ժամանակին չարած շատ խնդիրներ կան: Էստեղ պետք ա լրջագույն պետական մոտեցում լինի»:

Ուշագրավ է, որ սակագնի մեջ անխուսափելի տնտեսական կորուստների չափը մինչև 2016 թվականը՝ 14 տարի շարունակ սակագնում սահմանված է եղել 5,37 տոկոս, սակայն 2016 թվականին այդ չափը բարձրացվել է գրեթե մեկուկես տոկոսով․ - «6,69-ը, որը շատ ավելի բարձր է, քան 2002-2016 թվականներին գործող 5,37 տոկոսը: Մեկ տոկոս կորուստը համարժեք է մոտ 20 միլիոն խորանարդ մետր գազի: 20 միլիոն խորանարդ մետր գազը բազմապատկում ենք միջին գործող սակագնով՝ 255 դոլարով, և դուք հաշվեք, թե տասնյակ միլիոնից անցնող թիվ ենք մենք ստանում»:

Կորուստների չափը բարձրացվել է 2016 թվականին, այն նույն տարում, երբ «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանը դարձավ Հայաստանի վարչապետ: Արդյո՞ք այս հանգամանքները կապված են․ այս հարցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը պատասխանեց․ - «Չեմ ուզում ընդհանրապես էդ հարցին պատասխանել, որովհետև իմ իրավասություններից դուրս է, ես քաղաքական հարթությունում որևէ գործունեություն չեմ իրականացնում»:

Ըստ Սողոմոնյանի, կորուստների նվազեցումը սպառողի համար զգալի չէր լինի 2016-17 թվականներին, քանի որ այդ տարիներին «Գազպրոմն» արդեն իր հաշվին 16 դոլարով զեղչ էր արել․ - «Գործող համաձայնագրի շրջանակներում կորուստների նվազեցումը որևէ դերակատարություն չունի սպառողի վերջնասակագնի վրա, այդ թվում միջին սակագնի վրա, քանզի նույն համաձայնագրով սահմանված ա, որ 2018 թվականի սակագները պահպանվում են 2017 թվականի մակարդակին, իսկ 17 թվականին «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից արվել ա զեղչ, որի արժեքը շատ ավելի մեծ է, քան թե կորուստների արժեքը: Հետևաբար եթե նույնիսկ կորուստները զրո լինի, սակագինը չէր փոխվելու, որովհետև էնտեղ կա զեղչ»:

Միքայել Մելքումյանը ևս մի փաստ նշեց․ 2015 թվականին սահմանին գազի գինը նվազել է, սակայն վերջնական սպառողի համար գազի սակագինը չի փոխվել: 4 տարի շարունակ «Գազպրոմը» տարեկան ստացել է հավելյալ 8,9 միլիարդ դրամ, և քննիչ հանձնաժողովը հիմա ուսումնասիրում է, թե ինչպես են ծախսվել այդ գումարները:

Հարցին, թե ինչու հավելյալ այդ հասույթը «Գազպրոմը» չի ուղղել կորուստների կրճատմանը, Միքայել Սողոմոնյանն արձագանքեց, թե չեն կարող ստիպել ընկերությանը կոնկրետ ոլորտներում ներդրումներ կատարել, սակայն հնարավոր է ապագայում սահմանեն հատուկ գրաֆիկ, որում սակագնի մեջ կորուստների չափաբաժինը կնվազի:

Այդպես, նրա փոխանցմամբ, արդեն վարվել են ՀԷՑ-ի դեպքում․ - «Պետությունը չունի նման գործիք, որպեսզի ստիպի որևէ ընկերության ներդրում անել: Պետք է ստեղծենք պայմաններ: Հիմա պետք է համատեղ քննարկենք, մտածենք, այդ թվում չեմ բացառում, որ ապագա համաձայնագրում դա ֆիքսված լինի, որպեսզի «Գազպրոմ Արմենիա» փորձի որոշակի ներդրումներ անի, որոնք ուղղված կլինեն փոխադրման համակարգի կորուստների նվազեցմանը»:

Գազի սակագնի հետ կապված հանձնաժողովը փաստացի անելիք չի ունեցել 2017 և 2018 թվականներին․ ամեն ինչ որոշվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրով: Այժմ հանձնաժողովն ասում է՝ սպասում են գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական բանակցությունների ավարտին՝ հասկանալու համար, թե 2019-ին ինչպես են վարվելու:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագներին և Միքայել Մելքումյանի նշած՝ առնվազն 3 դրամով սակագինն իջեցնելու հնարավորությանը, ապա Սողոմոնյանի խոսքով, այս պահին դարձյալ շատ հարցերի պատասխաններ անորոշ են, դրանք կհստակեցվեն մինչև դեկտեմբերի կեսերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG