Մատչելիության հղումներ

Հրանտ Թադևոսյան․ «Գազպրոմը» Հայաստանում վնասով է աշխատում


«Գազպրոմ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հրանտ Թադևոսյանը

Երբ եղանակները մի փոքր էլ ցրտեն, տիկին Վարդուհու տան ջեռուցումը այլևս չի անջատվի։ Չմերսելու համար գիշեր-ցերեկ գազ են վառում, արդյունքում՝ ձմռանը՝ գազի դիմաց ամսական 80 հազար դրամից ոչ պակաս են վճարում:

Տանտիրուհին նեղսրտում է՝ թանկ է, մի կերպ ենք հասցնում․ - «Քեզ ստիպելով պիտի տաս, որովհետև ավելի լավ ա, վառես-տաքանաս, քան թե մրսես-հիվանդանաս»:

Գազը վառվում է, փող՝ ծախսվում, իսկ տիկին Վարդուհու հույսը դեռ չի մարում, որ միգուցե նոր կառավարությունը նվազեցնի սպառողի բեռը։ Լսել է, որ Փաշինյանն անձամբ է այս թեմայով բանակցելու Պուտինի հետ։

Արդեն երկու տարի հայաստանցի սպառողները գազի մեկ խորանարդ մետրի համար վճարում են 139 դրամ։ Արդյո՞ք կփոփոխվի այս սակագինը 2019-ի սկզբին․ առայժմ դժվար է ասել։

Ռուսաստանի էներգետիկայի նախարարության և «Գազպրոմի» հետ Հայաստանի կառավարության բանակցությունները դեռ շարունակվում են։

Ու մինչ դրանք կհասնեն վերջնական արդյունքի փորձենք հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ «Գազպրոմ Արմենիան» սահմանին կապույտ վառելքը գնում է 150 դոլարով, բայց բնակիչների վրա վաճառում գրեթե երկու անգամ թանկ գնով՝ 286 դոլարով։

«Սպառողի վերջնական գինը համեմատելը սահմանի գնի հետ ի սկզբանե ճիշտ չի», - ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը:

Նրա խոսքով՝ գազի վերջնական սակագնի ձևավորվման վրա մի քանի գործոններ են ազդում։ Նախ, 150 դոլարին, սահմանին գումարվում է 42 դոլար ԱԱՀ-ը, 11 դոլար էլ կազմում են կորուստները, ևս 50 դոլար էլ «Գազպրոմի» ծախսերն են, ներդրումներ են, շահույթը, աշխատավարձերը՝ կարճ ասած այն, ինչ անվանում են մարժա։

Ռուսաստանյան մոնոպոլիստի ղեկավար կազմի բարձր աշխատավարձերի մասին հաճախ է մամուլը գրում: Հարցին, թե ինչու դրա համար պետք է վճարի հայաստանցի սպառողը, Սողոմոնյանն արձագանքեց․ - «Միջին աշխատավարձ է սահմանված 227 հազար դրամի իրանց 5 հազար 600 թե 800 աշխատակիցներ համար: Մենք սահմանում ենք միջին աշխատավարձի ֆոնդը տարեկան, և իրանց միջին աշխատավարձը 227 հազար սանդղակի վրա է»:

Թե որքան են կազմում «Գազպրոմ Արմենիայի» «ճոխ» աշխատավարձերը, ռուսաստանյան «Գազպրոմի» դուստր ձեռնարկությանը ղեկավար Հրանտ Թադևոսյանն անցած շաբաթ չբացահայտեց, միայն միջին աշխատավարձը նշեց՝ 336 հազար դրամ, որը, նրա պնդմամբ, տալիս է իրենց հիմնադիրը, և հայաստանյան սպառողը դրա հետ կապ չունի․ - «Այդ բոլոր Ձեր ասած ճոխ աշխատավարձերը ստանում ենք միակ հիմնադրի կողմից՝ 7,5 միլիարդ տարեկան: Հայաստանի Հանրապետության բնակչությունը, այդ թվում ես, բոլորս միասին․․․ սակագնում դրված է մեր «ճոխ» աշխատավարձերի 227 հազար դրամը»:

Այս իրավիճակում, երբ դաշնակիցները բանացկում են գազի գնի նվազեցման մասին, «Գազպրոմ Արմենիայի» գործադիր տնօրենը ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց։ Նա հիշեցրեց 2016-ը, երբ Հայաստանի վարչապետը Կարեն Կարապետյանն էր, «Գազպրոմը» սեփական նախաձեռնությամբ իջեցրեց գազի սակագինը՝ պարտավորվելով իր վրա վերցնել բոլոր ծախսերը։
Ըստ Թադևոսյանի, դեռ այն ժամանակ ակնկալիքը շահույթի ավելացումն էր, բայց դա տեղի չունեցավ: Արդյունքում արդեն երկու տարի ռուսաստանյան մոնոպոլիստ ընկերությունը վնասով է աշխատում՝ տարեկան 13,4 միլիարդ դրամի չափով։

Գլխավոր տնօրենը հայտարարում է, թե 2019-ի համար ռուսաստանյան «Գազպրոմը» չի պատրաստվում այլևս վնասներ կրել․ - «Ո՞նց ես պատկերացնում․․․ Որ նա փորձելու ա 13,4 միլիարդ դրամը նորից տա՞լ: Եվ ինչի՞․․․ Ինչի՞ վնաս կրի էդ բիզնեսմենը»:

Թադևսյանը, ըստ էության, նաև չբացառեց, որ սակագինը կարող է բարձրանալ․ - «Դուք ուզում եք լավ շոր առնեք, բացառո՞ւմ եք, որ ամենալավ խանութից: Եվ ուզում եք վատ չոր առնել, բացառո՞ւմ եք, որ կէժանանա»:

«Ազատության» հետ զրույցում սպառողները, սակայն, միաբերան պնդեցին՝ գազի ներկայից սակագինը մատչելի չէ իրենց գրպանի համար․ Ծախս շատ է, իսկ եկամուտը՝ քիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG