Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը այցելում է Բելառուս


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Այսօր Մինսկ է այցելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Սա Ալիևի արդեն հինգերորդ պաշտոնական այցն է Բելառուս: Պաշտոնական Մինսկն ու Բաքուն խոսում են ռազմավարական բարեկամական հարաբերությունների մասին:

Բանակցությունների օրակարգի հիմնական հարցերից մեկը ռազմարդյունաբերական համագործակցության խորացումն է, ինչի մասին Իլհամ Ալիևը նոյեմբերի 14-ին խոսել էր Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչի հետ: Ավելի վաղ՝ նոյեմբերի 9-ին Բելառուսի նախագահն ընդունել էր Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլևին: Երկու հանդիպումների ժամանակ էլ այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեման:

Այն փաստին, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների փակ հանդիպման մանրամասները հրապարակավ ներկայացրել էր կազմակերպությանը չանդամակցող Ադրբեջանի դեսպանին, անցած շաբաթավերջին կոշտ արձագանքեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանին զայրացրել էր այս հանգամանքը: «Ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն էդպիսի քայլ թույլ տալ: Եվ ես իհարկե պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից՝ մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Փաշինյանի հայտարարությանը հաջորդ օրը արձագանքեց Բելառուսի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը, որի պնդմամբ՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի արտահայտությունները դեմ են միջազգային հարաբերություններում գոյություն ունեցող արարողակարգի նորմերին և էթիկային:

Բելառուսական մամուլը Ալիևի այցի նախօրեին գրում է, որ Ադրբեջանի նախագահը Մինսկ է գալիս նոր զենք գնելու համար:

Ռազմական հարցերով փորձագետ Ալեքսանդր Ալեսինը, մասնավորապես, չի կասկածում, որ Մինսկում այսօր կայանալիք բանակցությունների հիմնական հարցերից մեկը ռազմատեխնիկական համագործակցությունն է լինելու: Ալեսինը կարծում է, որ քննարկվելու է «Պոլոնեզ» հրթիռային նոր համակարգի և բելառուսական անօդաչու թռչող սարքերի վաճառքի հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG