Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևը փորձում է սրել Մինսկի և Երևանի լարված հարաբերությունները


Ադրբեջանի նախագահը հրապարակավ հայտարարում է, թե Բաքվի համար միևնույնը չէ՝ որ երկրի ներկայացուցիչն է զբաղեցնելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, չթաքցնելով, որ Ադրբեջանը անցած տարի զգուշավորությամբ է ընդունել Հայաստանի ներկայացուցչի նշանակումը և ուշադրությամբ հետևել է այս հարցի շուրջ Աստանայում անցած շաբաթ տեղի ունեցած քննարկումներին: Ընդ որում, այս մասին Իլհամ Ալիևը խոսել է Ադրբեջանում Բելառուսի դեսպանի հետ հանդիպմանը՝ քննադատական խոսքեր հնչեցնելով Հայաստանի հասցեին:

«Հայկական կողմը հայտարարում է, թե ՀԱՊԿ-ում խնդիր կա: Թերևս նրանք ճիշտ են, խնդիրը առաջին հերթին Հայաստանն է ու նրանց կողմից առաջացրած հարցերը», - պնդել է Ադրբեջանի նախագահը:

Բելառուսի դեսպանը, լինելով ՀԱՊԿ—ում և ԵԱՏՄ—ում Հայաստանի դաշնակից պետության ներկայացուցիչ, որևէ կերպ չի արձագանքել Ալիևի այս հայտարարություններին: Ավելի վաղ՝ շաբաթվա սկզբին, Բելառուսի նախագահն էր Մինսկում նախագահական նստավայր հրավիրել Ադրբեջանի դեսպանին ու վերջինիս, այսպես ասած, զեկույց ներկայացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ Աստանայում տեղի ունեցած փակ քննարկումներից:

«Բնականաբար, տարբերակները շատ էին: Սակայն սա չի նշանակում, որ մենք ոտնահարել ենք Հայաստանի շահերը, սա չի նշանակում, որ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել: Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է սեփական կառավարությունում պարզի հարցը, քանի որ այժմ Հայաստանը գլխավորում է Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Սա շատ մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որը գտնվում է այսպիսի անցումային փուլում: Արդյո՞ք Հայաստանը կդիմանա այդ ծանրությանը»,-ասել էր Լուկաշենկոն:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից, մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով:

Ըստ կազմակերպության կանոնադրության, գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարով, և պաշտոնական Երևանը պնդում է, թե իր ներկայացուցիչը պետք է պաշտոնավարի մինչև 2020 թվականը: Նախագահ Լուկաշենկոն, մինչդեռ, նախօրեին վերստին պնդել էր՝ ռազմական կառույցի հաջորդ ղեկավարը պետք է լինի Բելառուսից:

Երևանի արձագանքը չուշացավ․ երեկ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց՝ կոռեկտ չէ կազմակերպության ներքին հարցերը քննարկել կառույցին չանդամակցող և Հայաստանի հետ փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ:

Այսօր Ադրբեջանի նախագահը շտապել է աջակցել բելառուս գործընկերոջը՝ պնդելով․ ֊ «ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական կառույց է, և զարմանալի ոչինչ չկա, որ դաշնակից Բելառուսը Ադրբեջանին մանրամասներ է հայտնում դրա ղեկավարի շուրջ փակ քննարկումներից»:

Ավելին՝ Ալիևը փորձել է էլ ավելի սրել Մինսկի և Երևանի՝ ակնհայտորեն լարված հարաբերությունները: - «Հայաստանի արտգործնախարարության վերջին հայտարարությունները լիովին անընդունելի են, արտգործնախարարությունը չի կարող մեկնաբանել այլ, հատկապես դաշնակից համարվող երկրի նախագահի խոսքերը կամ դրանք ոչ կոռեկտ բնորոշել», - ասել է Ադրբեջանի նախագահը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունից բացի Ալիևը այսօր անդրադարձել է Հայաստանի համար զգայուն մեկ այլ հարցի՝ Մինսկի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքերին ու պնդել՝ Բաքուն մտադիր է շարունակել ու խորացնել այս համագործակցությունը:

«Հայաստանում այս հարցը մասսայական հոգեխանգարմունք է առաջացնում, ինչը շատ զարմանալի է, քանի որ Ադրբեջանը միայն Բելառուսից չէ, որ զենք է գնում: Մեր ամենամեծ մատակարարը Ռուսաստանն է», - հայտարարել է Ալիևը՝ հավելելով․ - «Մենք շատ գոհ ենք բելառուսական զենքի որակից և ցույց տված արդյունքներից, և հաջորդ շաբաթ Բելառուս կատարելիք իմ այցի ընթացքում նաև այս հարցն ենք քննարկելու»:

Ավելի վաղ՝ շաբաթվա սկզբին էլ Բելառուսի նախագահն էր գովասանքի խոսքեր հնչեցրել Ադրբեջանի ու երկրի ղեկավար Իլհամ Ալիևի հասցեին՝ պնդելով՝ Բելառուսի ու Ադրբեջանի միջև փակ թեմաներ չկան, և Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները սրբություն են Բելառուսի համար: Այդուամենայնիվ, նախագահ Լուկաշենկոն չէր մանրամասնել՝ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, և հատկապես որ հարցում է Մինսկը խոստացել Իլհամ Ալիևին աջակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG