Իտալիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։
Մատարելլան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Իտալիա, այնուհետև ջերմ ու անմիջական մթնոլորտում նախագահները քննարկել են հայ-իտալական կապերի առավել սերտացմանը վերաբերող հարցեր։
Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նշվել է, որ բարձր մակարդակով փոխայցելություններն էապես նպաստելու են երկկողմ հարաբերությունների խորացմանը և նոր թափ են հաղորդելու բարեկամ երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցության զարգացմանը։
Արմեն Սարգսյանը գործընկերոջը տեղեկացրել է Իտալիա աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Ընդգծելով, որ համագործակցության լայն հնարավորություններ են առկա թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ու գիտական ոլորտներում, նախագահները կարևորել են առկա ներուժի լիարժեք իրացումը։