Մատչելիության հղումներ

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը երկրորդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակը տոնեց


Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, արխիվ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, արխիվ

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի նախավերջին՝ հինգերորդ տուրում ուրբաթ երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ 6:2 խոշոր հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի թիմի նկատմամբ:

Հայաստանի ընտրանուց չորս գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը՝ 27-րդ, 48-րդ, 52-րդ և 54-րդ րոպեներին, 66-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Արթուր Քարտաշյանը, հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին էլ՝ Ալեքսանդր Կարապետյանը:

Դաշտի տերերից աչքի ընկան Տյայ Դե Բարը, ով 10-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, և Ադամ Փրիսթլին՝ 78-րդ րոպեին:

Նախորդ տուրում հոկտեմբերի 16-ին Երևանում Հայաստանի հավաքականը նույնպես խոշոր՝ 4:0 հաշվով առավելության է հասել Մակեդոնիայի թիմի նկատմամբ, մինչ այդ, սակայն, երկու անընդմեջ պարտություն էր կրել՝ 0:2 հաշվով Սկոպյեում՝ Մակեդոնիայից, և 0:1 հաշվով Երևանում՝ Ջիբրալթարից:

Ազգերի լիգայի մրցաշարի խմբային փուլի վերջին՝ նոյեմբերի 19-ին Վադուցում Լիխտենշտեյնի թիմի հետ հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականը ունի 9 միավոր և երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում D լիգայի չորրորդ խմբում: Լիխտենշտեյնի հետ մրցաշարի առաջին՝ սեպտեմբերի 6-ին Երևանում կայացած խաղում Հայաստանը հաղթել է 2:1 հաշվով:

Խմբի առաջատարը շարունակում է մնալ Մակեդոնիայի հավաքականը, որը ուրբաթ օրը Վադուցում Լիխտենշտեյնին 2:0 հաշվով հաղթելուց հետո ունի 12 միավոր: Խմբային փուլում վերջին հանդիպումը Մակեդոնիայի ընտրանին կանցկացնի սեփական հարկի տակ՝ նոյեմբերի 19-ին ընդունելով Ջիբրալթարի թիմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG