Մատչելիության հղումներ

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը հաղթեց Մակեդոնիային 4:0 հաշվով


Հայաստանի հավաքականը տոնում է Մակեդոնիայի թիմին խփած հերթական գոլը, Երևան, 16-ը հոկտեմբերի, 2018թ.

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի չորրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 4:0 խոշոր հաշվով առավելության հասավ D լիգայի 4-րդ խմբի առաջատարի՝ Մակեդոնիայի թիմի նկատմամբ:

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում երեքշաբթի երեկոյան կայացած հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Մարկոս Պիզելին, Յուրա Մովսիսյանը 67-րդ րոպեին երկրորդ գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը, 81-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը դարձավ երրորդ գոլի հեղինակը, և ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը խփեց վերջին գնդակը:

Սա Հայաստանի հավաքականի երկրորդ խաղն էր նոր գլխավոր մարզչի՝ Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ. առաջինում՝ Ազգերի լիգայի մրցաշարի նախորդ տուրում հոկտեմբերի 13-ին թիմը սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվել էր Ջիբրալթարի ընտրանուն:

Այժմ Հայաստանի հավաքականը 6 միավորով երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում D լիգայի 4-րդ խմբում: Աղյուսակը 9 միավորով շարունակում է գլխավորել Մակեդոնիայի հավաքականը:

Մրցաշարի վերջին երկու հանդիպումները Հայաստանի ընտրանին կանցկացնի մրցակիցների հարկի տակ՝ նոյեմբերի 16-ին՝ Ջիբրալթարում, և նոյեմբերի 19-ին՝ Լիխտենշտեյնում:

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Ռուբեն Հայրապետյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG