Մատչելիության հղումներ

Կողմերը դեռ չեն ստացել Քոչարյանի կալանքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Պաշտպանական և մեղադրող կողմերը դեռ չեն ստացել սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը։

Պարզաբանելով Վճռաբեկ դատարանի երեկվա որոշումը՝ նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց․ - «Վերաքննիչը նորից պետք է քննարկի առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության հիմնահարցը։ Հենց այդ էին պահանջել դատախազները, բեկանելով վերաքննիչ դատարանի որոշումները, բայց հենց այդ էլ մերժվել էր Վճռաբեկ դատարանի կողմից։ Այսինքն նրանց բողոքը հենց դրա համար էր մասնակի բավարարվել, որովհետև այդ երկրորդ պահանջը՝ օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի որոշմանը, մերժվել է»։

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել։ Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակել՝ հիմքում դնելով Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության իրավունքը։

Երկրորդ նախագահի պաշտպանական կողմը դժգոհ է Վճռաբեկի որոշումից՝ իրենք պահանջում էին վերաքննիչ ատյանի որոշումը թողնել ուժի մեջ։

Երկրորդ նախագահի պաշտպանը նաև հավելեց՝ Վճռաբեկի երեկվա որոշմամբ ակնհայտ է դառնում, որ այս ատյանը վերջնական կարծիք չունի՝ վերաքննիչը Քոչարյանին կալանքից ազատելով ճիշտ որոշում է կայացրել, թե ոչ։ Հակառակ դեպքում ոչ թե կբեկաներ բողոքն, ուղարկելով նոր քննության, այլ հենց ինքն էլ գնահատական կտար տեղի ունեցածին ու վերջնական որոշում կկայացներ։

Հայկ Ալումյանը հայտնեց, որ Վճռաբեկին են փոխանցել մի նոր տեսանյութ 2008-ի մարտի 1-2 - իրադարձությունների վերաբերյալ։ Ըստ պաշտպանական կողմի, տեսանյութում ցուցարարների կողմից կրակ է բացվում ոստիկանական ուժերի ուղղությամբ։

«Հիմա ցուցարարների հատվածից ինչ-որ մեկը, որը քաղաքացիական շորերով է կրակ է բացում այն ուղղությամբ, որտեղ որ ոստիկանական ուժերն են։ Եվ քանի դեռ հակառակը ապացուցված չի, մենք բավականին լուրջ հիմքեր ունենք դրա հիման վրա ենթադրելու, որ ցուցարարներից մեկը կրակում է ոստիկանական ուժերի ուղղությամբ։ Առաջին ամենատրամաբանական վարկածը դա է։ Եթե իհարկե, կարող է մի օր ապացուցվել, որ դա հատուկ ինչ-որ մի գործակալ պրովոկացիայի նպատակով հագել է քաղաքացիական հագուստ, զինվել ու եկել է ցուցարարների կողմից կրակել է... և այլ, և այլ, եթե դա մի օր կապացուցվի, կքննարկենք նաև այդ վարկածը», - նշեց նա։

Մինչ ծանր հանցագործության մեջ մեղադրվող երկրորդ նախագահի պաշտպանները շարունակում են հայտարարել, որ Քոչարյանն անմեղ է և չպետք է կալանավորվի, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հակառակն է պնդում։

«Սա այն եզակի դեպքերից է, երբ 10 տարի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, որի ժամանակ, ըստ միջազգային ամենատարբեր գնահատումների, Հայաստանում կոռուպցիան ձեռք բերեց համակարգային բնույթ, ունի բազմաթիվ լծակներ և նաև տեղեկություններ, որով կարելի է ազդել քրեական գործի շրջանակներում հնարավոր ներգրավված մեղադրյալների, վկաների, կասկածյալների նկատմամբ և խոչընդոտել նախաքննության ընթացքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը։

Անդրադառնալով պաշտպանական կողմի՝ վճռաբեկին ներկայացրած տեսանյութին, իրավապաշտպանը հարց է բարձրացնում․ - «Եթե նույնիսկ եղել է մեկ ցուցարար, երկու ցուցարար, ապա դա հիմք չի, որ ամբողջ զինված ուժերը ներգրավեն և արտակարգ դրություն հայտարարեն Երևան քաղաքում։ Ընդամենը պետք է կատարվեր կոնկրետ արագ գործողություն զինված անձին ձերբակալելու ուղղությամբ և ապահովելու ցույցի խաղաղ ընթացքը»։

Մյուս կողմից, Սաքունցը պնդում է․ - «Եթե նույնիսկ այդպպիսի տեսանյութ կա, որ քաղաքացիական հագուստով անձիք են կրակում, ապա դա դեռ իրապես չի նշանակում, թե այդ կրակողը ցուցարարներն են եղել։ Որովհետև առավոտյան, երբ որ ցրեցին կոպիտ ուժի գործադրմամբ, մեկ զենք անգամ չեն հայտնաբերել Ազատության հրապարակում հավաքվածների մոտից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG