Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի գործերից մեկով դատախազությունը վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել


Արխիվ -- Ոստիկանական զորքերի և ցուցարարների դիմակայությունը Երևանում, 1-ը մարտի, 2008թ․

Գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի՝ ուժի մեջ մտած և կատարված դատավճիռների գործերով առաջին անգամ վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել․ պատճառը երևան եկած նոր հանգամանքներն են: Խոսքը վերաբերում է «Մարտի 1»-ի արյունալի իրադարձություններին մասնակցելու համար դատապարտված Արամ Բարեղամյանի գործին։

Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը, Արամ Բարեղամյանի դեմ տասը տարի առաջ ցուցմունք տված անձը, նոր ցուցմունք է տվել:

2008թ. մարտի 1-ին և 2-ին կատարված իրադարձությունների առթիվ ներկայումս ՀՀ ՀՔԾ-ի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ի հայտ են եկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.3-րդ հոդվածով նախատեսված՝ դատական ակտի վերանայման հիմքեր՝ դատական ակտ կայացնելիս անհայտ մնացած հանգամանքներ:

Վկան նշել է, որ 2008 թվականին քննության ընթացքում ճանաչման ներկայացնելիս, ինչպես նաև դատավարական այլ գործողությունների ընթացքում, իրականում համոզված չի եղել որ հենց Բարեղամյանն է եղել իրեն վնասվածք պատճառողը, սակայն հաստատել է այդ փաստը: Ելնելով այն հանգամանքից, որ վերջինս դատապարտյալի անմեղությունը ապացուցող առերևույթ փաստական տվյալ է՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազի կողմից կայացվել է Ա. Բ.-ի վերաբերյալ դատական ակտը վերանայելու նպատակով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին որոշում։

2008-ին նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և նրան ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար։

Բարեղամյանն «Ազատությանը» պատմեց՝ գործով միակ և առանցքային տուժողը՝ Մալաթիայի նախկին փոխոստիկանապետ Գագիկ Քամալյանը, իր ցուցմունքում ասել էր, թե Բարեղամյանը Ազատության հրապարակից դեպի Հյուսիսային պողոտա տանող ճանապարհին ձեռքի ձողով հարվածել էր իրեն։ Սակայն Բարեղամյանը պնդել և շարունակում է պնդել՝ ինքը ոչ մեկին մարմնական վնասվածք չի հասցրել: - «Այսինքն՝ Ազատության հրապարակում ենթադրենք ես հարվածել եմ, էդ ոչ մեկը չտեսա՞վ։ Մեկ մարդ չեղավ, որ բացի իրենից, որ ասում ա ինձ խփե՞լ ա, այսինքն՝ մարդ չի՞ եղել էդտեղ, ես ու ինքն ենք եղել էդ ամբողջ մասսայի մեջ», - «Ազատության» հետ զրույցում պատմեց նա:

Պնդում է՝ հարցաքննության ընթացքում իրեն անգամ պաշտոններ են առաջարկել՝ այլ ցուցմունք գրելու դիմաց։ Ընդգծում է՝ դատապարտվեց 6 տարվա ազատազրկման միայն այն պատճառով, որ չի գրել քննիչների ցանկացածը. - «Պետք է ցուցմունք գրեմ, որ որպես Հրազդանի տարածաշրջանի շտաբի պետ, որ Ալիկ Արզումանյանը ինձ սովորեցրել է, թե ես հասարակության մեջ տանեմ հակառուսական քաղաքականություն։ Իրենց ամբողջ ուզածը ինձնից էդ մեկ նախադասությունն էր։ Որ տեսան չստացվեց, հանձնարարություն տվեցին՝ հոդվածները շարեք ուղարկեք»:

55-ամյա Արամ Բարեղամյանը պատմում է, որ Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտա տանող ճանապարհին գլխին հարված է ստացել, ծանր վիրավորվելուց հետո՝ ինքնուրույն հասել է հիվանդանոց, որտեղ էլ 7 օր բուժում է ստացել։ Ասում է՝ մինչև այսօր էլ տուժող չի ճանաչվել և անգամ հարցաքննությունների ընթացքում այդ դեպքի մասին խոսք չի եղել․ - «Համոզված եմ եղել, որ մինչև այս Մարտի 1-ի խարանը չբացահայտվի ամբողջությամբ, մենք առաջ չենք կարող գնալ։ Ինչի համար ենք էսպես մտածել, որովհետև ժողովուրդը արդարադատության հանդեպ անվստահություն ունի, այս վստահությունն է պետք վերականգնել, ամենակարևորը զոհերի սպանությունների ամբողջ փաթեթը պետք է բացահայտվի։ Ամբողջ իշխանական համակարգը պետք է պատասխան տա։ Ներում չպետք է լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG