Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետաքննության վարչությունում «Արփի գազ» և «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` ընկերությունները 2015-2018 թվականների ընթացքում պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի գումարներ:
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ «Արփի գազ» և «Գլաձոր Մ.Գ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները 2015-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի՝ համապատասխանաբար 121 միլիոն 437 հազար և 260 միլիոն 977 հազար դրամ, ասված է հաղորդագրությունում:
«Արփի գազ» ՍՊ և «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարել) 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, և այսօր ՊԵԿ հետաքննության վարչության թիվ 1 բաժնում որոշումներ են կայացվել դեպքերի առթիվ հարուցել քրեական գործեր, փոխանցում է Պետեկամուտների կոմիտեն: