Մատչելիության հղումներ

Թրամփ. Մակրոնը եվրոպական բանակի մասին խոսում է հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Փարիզ, 10-ը նոյեմբերի, 2018թ․
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Փարիզ, 10-ը նոյեմբերի, 2018թ․

Միասնական եվրոպական բանակի ստեղծման մասին Փարիզից և Բեռլինից հնչող հայտարարությունները զայրացրել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Անցած գիշեր Սպիտակ տան ղեկավարը Twitter-ի իր էջում մեկը մյուսին հաջորդող մի քանի գրառումներով հանդես եկավ, որոնցում կոշտ քննադատության ենթարկեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին:

«Էմանյուել Մակրոնը սեփական բանակ ստեղծելու առաջարկով է հանդես գալիս՝ բանակ, որը պետք է Եվրոպան պաշտպանի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից և Չինաստանից: Բայց չէ՞ որ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում Գերմանիան էր նրանց հակառակորդը, և ի վերջո ի՞նչ վիճակում հայտնվեց Ֆրանսիան: Նրանք մինչև ամերիկացիների գալը Փարիզում սկսել էին գերմաներեն սովորել», - Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիայի նացիստական օկուպացիան նկատի ունենալով գրում է Թրամփը` հավելելով․ - «Վճարեք ՆԱՏՕ-ի ծախսերի ձեր մասնաբաժինը»:

Ֆրանսիայի նախագահը, սակայն, մի քանի օր առաջ Ելիսեյան պալատում Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ միասնական եվրոպական բանակի ստեղծման ծրագրերը չեն հակասում Հյուսիսատլանտյան դաշինքի առջև ստանձնած պարտավորություններին:

«Ես վստահ եմ, որ եվրոպական պաշտպանական համակարգը միանգամայն համադրելի է ՆԱՏՕ-ի հետ: Դա նշանակում է եվրոպական ավելի մեծ ներկայություն ՆԱՏՕ-ում, ինչպես նաև համատեղ բեռը կիսելու ավելի լայն հնարավորություն: Կարծում եմ, որ դա շատ ազնիվ է և կարևոր», - նշում էր Մակրոնը:

Անցած գիշեր Twitter-ում արված մեկ այլ գրառման մեջ, մինչդեռ, Դոնալդ Թրամփը համոզմունք էր հայտնում, որ իր ֆրանսիացի պաշտոնակիցը Եվրոպայի միացյալ զինված ուժերի թեման օրակարգ է բերել զուտ ներքաղաքական բարդություններից դրդված:

«Խնդիրն այն է, որ Էմանյուելի վարկանիշը Ֆրանսիայում շատ ցածր է` 26 տոկոս, գործազրկության ցուցանիշն էլ գրեթե 10 տոկոս է կազմում: Նա պարզապես փորձում է շեղել ուշադրությունը [այդ խնդիրներից]: Ի դեպ, Ֆրանսիայից ավելի ազգայնական երկիր գոյություն չունի, այդ ժողովուրդը շատ հպարտ է», - գրում էր Թրամփը` ակնհայտորեն հակադարձելով Ֆրանսիայի նախագահի` օրերս Փարիզում, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված արարողության ընթացքում արված հայտնի հայտարարությանը:

«Հայրենասիրությունն ու ազգայնականությունը տրամագծորեն հակառակ երևույթներ են: Ազգայնականությունը հավասարազոր է դավաճանության: Հետամուտ լինելով բացառապես մեր շահերին՝ մենք ոչնչացնում ենք ազգերին բնորոշ թերևս ամենանվիրականը` բարոյական արժեքները», - հայտարարում էր Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնի` մի քանի տասնյակ պետությունների ղեկավարների ներկայությամբ արված այս հայտարարությունն ընկալվեց որպես հստակ մի ուղերձ, որի հիմնական, եթե ոչ միակ հասցեատերը հենց Դոնալդ Թրամփն էր:

Ամերիկյան և ֆրանսիական մամուլն արդեն իսկ արձանագրում է, որ եթե ընդամենը մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահների հարաբերությունները բավական ջերմ էին, ապա Թրամփի փարիզյան այցից հետո դրանք ակնհայտ ճգնաժամի փուլում են:

«Կրկին հզորացնենք Ֆրանսիան», - Twitter-ում անցած գիշեր արված ևս մեկ գրառման մեջ ասել է Դոնալդ Թրամփը` վերափոխելով իր ամենահայտնի նախընտրական կարգախոսը:

Չնայած Վաշինգտոնից հնչող այս դժգոհությանը, այդուհանդերձ, ԵՄ առաջատարները կարծես չեն պատրաստվում հրաժարվել միասնական զինված ուժերի ստեղծմանն ուղղված հետագա ջանքերից: Դա պարզ դարձավ երեկ` Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի Բունդեսթագում հնչեցրած ելույթից հետո:

«Մենք բավական լուրջ քայլեր ենք ձեռնարկել համակարգված ռազմական համագործակցության ասպարեզում: Դա բավական դրական երևույթ է, և մեր այդ գործողությունները հավանության են արժանանում: Բայց հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները` մենք պետք է ջանքեր գործադրենք, որոնք մի օր իրական եվրոպական բանակի ստեղծման հնարավորություն կընձեռեն», - հայտարարում էր Գերմանիայի կանցլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG