Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը երեկ ՊԲ շտաբում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Նույն օրը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը:
ԼՂ արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ վերջերս տարածաշրջան կատարած այցի արդյունքներին։
Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում ԱԳ նախարարը վերստին նշել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային հնարավորությունների ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի։