Տաջիկստանում Խուջանդ ավանի թիվ 3/3 քրեակատարողական հիմնարկում անցած շաբաթ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում սպանվել է առնվազն 50 բանտարկյալ:
Կառավարության մի անանուն ներկայացուցիչ «Ազատության» տաջիկական ծառայությանն ասել է, որ անկարգությունները սկսվել են նոյեմբերի 7-ին: Անցյալ շաբաթ իշխանությունները հաղորդել են միայն 24 զոհերի մասին:
«Իսլամական պետություն» ծայրահեղական շարժումը պատասխանատվություն է ստանձնել բախումների համար՝ հայտարարելով, թե «ապստամբությունը բանտում սկսվել է այն բանից հետո, երբ մարտիկներից մեկը հարձակվել է բանտի անվտանգության ծառայության աշխատակիցների վրա»:
Մայրաքաղաք Դուշանբեից 300 կիլոմետր հյուսիս գտնվող Խուջանդի խիստ ռեժիմի թիվ 3/3 քրեակատարողական հիմնարկում պատիժը կրում են կրոնական ծայրահեղականության, ահաբեկչության և այլ ծանր հանցագործությունների հոդվածներով դատապարտվածները:
Պաշտոնական Դուշանբեն խիստ սահմանափակ տեղեկատվություն է հրապարակում Խուջանդի բանտում տեղի ունեցած դեպքերի մասին:
Տաջիկստանի 8 միլիոն բնակիչների մեծ մասն իսլամ է դավանում: Դուշանբեին մտահոգում է կրոնական ծայրահեղականության վտանգը, և իշխանությունները փորձում են խիստ հսկողության տակ պահել կրոնական կյանքը:
Ըստ Դուշանբեի, առնվազն հազար տաջիկներ մեկնել են Սիրիա և Իրաք, որտեղ միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժմանը: