Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինն ու Crans Montana ֆորումի պատվավոր նախագահ և հիմնադիր, դեսպան Ժան-Պոլ Քարթերոնը շնորհակալական նամակ են հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ Ժնևում կայացած «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի 20-րդ ամենամյա նստաշրջանին նրա մասնակցության համար, և պատրաստակամություն են հայտնել Crans Montana-ի գլխավոր ֆորումը կազմակերպել Երևանում:
«Թույլ տվեք հաստատել, որ Crans Montana ֆորումը ուրախ կլինի բացահայտել Ձեր երկրի հետ մեր համագործակցությունը խորացնելու ամենաարդյունավետ ուղիները: Մենք պատրաստ ենք տրամադրել մեր կազմակերպության մեծ ներուժը և առաջարկել Հայաստանին հաղորդակցման բացառիկ հնարավորություններ, այդ թվում` գլխավոր ֆորումը կազմակերպելով Երևանում», - ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, մասնավորապես ասված է նամակում:
Crans Montana Forum-ը միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի տարեկան միջոցառումներին ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում են սոցիալական, տնտեսական խնդիրներ, անվտանգության հետ կապված կարևորագույն հարցեր: