Մատչելիության հղումներ

Վրաստանի «Վազիանի» ռազմակայանում նոր ռազմական օդանավակայան կկառուցվի


Վրաստան - Բազմազգ զորավարժություններ «Վազիանի» ռազմակայանում, օգոստոս, 2018թ․
Վրաստան - Բազմազգ զորավարժություններ «Վազիանի» ռազմակայանում, օգոստոս, 2018թ․

Թբիլիսիից հարավ գտնվող «Վազիանի» ռազմակայանում նոր ռազմական օդանավակայան կկառուցվի: Երկուշաբթի օրը նման հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան՝ Թբիլիսիում Միացյալ Նահանգների զինված ուժերի տրանսպորտային զորքերի հրամանատար գեներալ Սթիվեն Լայնի հետ բանակցությունների ավարտին:

Վրաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ նորաստեղծ ռազմական օդանավակայանը պետք է դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի և Վրաստանի համատեղ ուսումնական կենտրոնի մի մասը:

«Այդ ծրագիրն իրագործելու համար մեզ Վազիանիում համապատասխան ռազմական ենթակառույցներ են անհրաժեշտ: Ռազմական օդանավակայանի շինարարությունը այդ ենթակառույցների ստեղծմանն ուղղված բաղադրիչներից մեկն է: Ծրագրի վերջնական նպատակը Վազիանիում «Զինծառայողների պատրաստության համատեղ կենտրոնի» ստեղծումն է: Հավելեմ, որ սա վրացական կողմի առաջարկն է, որով մենք հանդես ենք եկել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ», - հայտարարում էր Իզորիան` հատուկ ընդգծելով, որ նախաձեռնությանն իր հավանությունն է տվել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը:

Վաշինգտոնից նկատվող դրական ազդակների ֆոնին Թբիլիսիում հույս ունեն, որ Վազիանիում ռազմական նոր օդանավակայանի շինարարության հարցում իրենց կօժանդակեն ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունները:

Վազիանիում ռազմական օդանավակայան գոյություն ուներ դեռ խորհրդային տարիներին, երբ այստեղ էին տեղակայված Անդրկովկասյան ռազմական օկրուգի կազմում գործող 34-րդ օդային բանակի ռազմական ինքնաթիռները: ԽՍՀՄ փլուզումից հետո Վազիանիում էր Վրաստանում տեղակայված ռուսական չորս ռազմակայաններից մեկը, որի դուրսբերման շուրջ պայմանավորվածության Թբիլիսին և Մոսկվան հանգեցին 1999-ին Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում: 2001-ին Վազիանիի ռազմական օդանավակայանը և հարակից զորամասի տարածքը` ընդհանուր առմամբ մոտ 10 հազար հեկտար, փոխանցվեցին Վրաստանի պաշտպանության նախարարությանը` վերածվելով երկրի ցամաքային զորքերի տեղակայման հիմնական կենտրոններից մեկի: 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին Վազիանիի ռազմակայանը` զգալի վնաս հասցնելով նախևառաջ այստեղ գտնվող թռիչքուղիներին: Վերջին տարիներին Վազիանին Վրաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի ամենամյա զորավարժությունների անցկացման հիմնական վայրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG