Մատչելիության հղումներ

Թրամփը Փարիզում Պուտինի, Մակրոնի և Մերկելի հետ հրատապ հարցեր է քննարկել


Ֆրանսիա - Տերությունների առաջնորդները Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի հանդիսությանը, Փարիզ, 11-ը նոյեմբերի, 2018թ․
Ֆրանսիա - Տերությունների առաջնորդները Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի հանդիսությանը, Փարիզ, 11-ը նոյեմբերի, 2018թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ելիսեյան պալատում ճաշի ժամանակ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում՝ փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի հարցը, իրավիճակը Սիրիայում և պատժամիջոցները: Այդ մասին այսօր հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը։

Հակառակ սպասումներին՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները չեն կարողացել առանձին զրուցել Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված նախաճաշի ժամանակ, երեկ լրագրողներին հայտնել է ինքը Ռուսաստանի նախագահը:

«Միջոցառումն այնպես էր կազմակերպված, որ մենք չենք կարողացել շփվել լիարժեք, ընդունող կողմը խնդրել է որևէ հանդիպում այս օրերին Փարիզում չկազմակերպել, բայց խնդիր չէ, մենք հավանաբար կշփվենք Միացյալ Նահանգների նախագահի հետ Արգենտինայում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում, կամ որևէ այլ տեղ: Բաց ենք համագործակցության համար։ Մենք չէ, որ ուզում ենք դուրս գալ փոքր և միջին հրթիռների մասին պայմանագրից», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Ռուսական գործակալությունները հայտնում են, որ միջոցառման կազմակերպիչները վերջին պահին փոխել են Պուտինի նստելու տեղը նախաճաշի ժամանակ: Նախատեսված էր, որ Պուտինն ու Թրամփը իրար կողքի են նստելու, բայց նախաճաշի ժամանակ Ռուսաստանի նախագահի երկու կողմերում նստած էին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Մինչդեռ Պուտինն ու Թրամփը քննարկելու մի շարք հրատապ հարցեր ունեն, առաջին հերթին՝ փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրի հարցը:

Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ մտադիր է դուրս գալ պայմանագրից։ Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ այդ դեպքում կսկսվի սպառազինության նոր մրցավազք, ինչպես «սառը պատերազմի» տարիներին էր։ Եվ երկրորդ հարցը, որ այսօր հրատապ է ռուս-ամերիկյան հարաբերություններում, Սկրիպալների գործի շրջանակում ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փաթեթն է․ Վաշինգտոնը հայտարարել էր, որ այն շուտով ուժի մեջ կմտնի։

Փորձագետները փաստում են, որ եթե այդ նոր պատժամիջոցները ուժի մեջ մտնեն, կնշանակի, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին փաստացի էմբարգո է հայտարարում։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ այդ նոր պատժամիջոցների արդյունքում կարող է արգելվել ռուսական գրեթե բոլոր պետական ընկերությունների գործունեությունը Միացյալ Նահանգներում՝ այդ թվում նաև ռուսական բանկերի և «Աէրոֆլոտ»-ի։

Հավելենք, որ իր սովորության համաձայն՝ երեկ Ռուսաստանի նախագահը նորից ուշացել է, և աշխարհի մյուս պետությունների ղեկավարները ստիպված են եղել նրան սպասել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG