Ավստրիայում Ռուսաստանի օգտին աշխատող ևս մեկ լրտես են բացահայտել, ըստ լրատվամիջոցների, վերջինս Սահմանադրության պաշտպանության ու ահաբեկչության դեմ պայքարի Դաշնային ծառայության աշխատակից է, ով գաղտնի տեղեկություններ է փոխանցել իր ռուսաստանցի ղեկավարներին:
Ենթադրյալ լրտեսի անունը չի հրապարակվում, Մոսկվան առայժմ հրաժարվում է մեկնաբանություններից:
Ավելի վաղ՝ անցած ուրբաթ, հաղորդվել էր, որ Ավստրիայում 70-ամյա մի պաշտոնաթող գնդապետ է ձերբակալվել՝ տասնամյակներ շարունակ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով:
Սկանդալը լուրջ հարված է հասցրել ռուս-ավստրիական հարաբերություններին, Ավստրիայի իշխանությունները բացատրություն են պահանջել, արտգործնախարարը չեղարկել է դեկտեմբերին Մոսկվա կատարելիք այցը: Ռուսաստանը կտրականապես հերքել է մեղադրանքները: