Գլխավոր դատախազությունը այսօր հաղորդում է, որ պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ շուրջ 250 միլիոն դրամի ոսկի, արծաթ և պղինձ է արդյունահանվել, հարուցվել է քրեական գործ:
«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի պահանջները, 2009 թվականի ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության անունից ՓԲ ընկերության հետ կնքել են հանքարդյունաբերման լիցենզիայի պայմանագիր: Նշված ընկերության հանքավայրի շահագործման իրավունքը դադարեցվել է` ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունները և ՀՀ օրենսդրության պահանջները խախտելու պատճառաբանությամբ», - ասված է հաղորդագրությունում:
Այնուհետև, ըստ դատախազության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատասխանատու պաշտոնատար անձիք, «չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հիմք ընդունելով փաստացի ուժը կորցրած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը և դրա վերաբերյալ բնապահպանության նախարարության կողմից տրված անհիմն պաշտոնական պարզաբանումը, առանց օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության, 2012թ. նոյեմբերի 23-ին նույն հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման իրավունքը տրամադրել են մեկ այլ ՍՊԸ-ի»: «Նույն օրը վերջինիս տրամադրվել է նաև օգտակար հանածոների արդյունահանման թույլատրություն, իսկ 2012թ. դեկտեմբերի 12-ին՝ լեռնահատկացման ակտ, ինչն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», - ասված է հաղորդագրությունում:
«Այսպես, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան հանձնարարագրերի հիման վրա նշված ՍՊԸ-ում իրականացված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության կողմից առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ 2017թ. դեկտեմբեր ամսին նշված հանքավայրում իրականացվել է 1.330 տոննա հանքաքարի արդյունահանում, որում մետաղների քանակը կազմում է շուրջ 218 մլն դրամի` 11,31 կգ ոսկի, շուրջ 19 մլն դրամի` 84,5 կգ արծաթ և շուրջ 15 մլն դրամի` 5,25 տոննա պղինձ: Արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել ընկերության կողմից լիազոր մարմին ներկայացված հաշվետվություններում` էական վնաս պատճառելով ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին», - մանրամասնում է դատախազությունը:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի («Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը») 2-րդ մասով և 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին: