Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժնում քաղաքացուց կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու վերաբերյալ։
Ըստ կոմիտեի, նոյեմբերի 5-ին Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել առ այն, որ հոկտեմբերի 8-ին այցելել է սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժին՝ կենսաթոշակը ձևակերպելու համար: Նույն բաժնի պետը և գլխավոր մասնագետն ուսումնասիրել են քաղաքացու փաստաթղթերը և հայտնել, թե, իբր, կենսաթոշակը ձևակերպելու համար աշխատանքային ստաժը չի բավարարում, և այս հանգամանքն անտեսելու, այլ լուծումներ գտնելու և կենսաթոշակը ձևակերպելու համար քաղաքացուց պահանջել 100 հազար դրամ կաշառք:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժնի պետը նույն բաժնի գլխավոր մասնագետի օժանդակությամբ քաղաքացուց կաշառք ստանալու պահին բռնվել է», - ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը) և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցակցություն պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն), որն ընդունվել է Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ բաժնի վարույթ։
ՍԱԾ գլխավոր մասնագետը հարցաքննվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
«Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության Շենգավիթի տարածքային բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար, ինչը բավարարվել է և որպես այլընտրանքային խափանման միջոց՝ ընտրվել գրավը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում: