Մատչելիության հղումներ

Հայաստանը գերիների փոխանակման առաջարկ ադրբեջանական կողմից չի ստացել. պաշտպանության փոխնախարար


Հայաստանը գերիների փոխանակման առաջարկ ադրբեջանական կողմից չի ստացել, այսօր կառավարության նիստից հետո «Ազատության» հարցին ի պատասխան ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Ըստ «Ինտերֆաքս»-ի, Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը երեկ կրկին պնդել է, թե դեռ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմից հետո, դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և առաջարկել փոխանակել գերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Բալայանը դա սուտ որակեց։ «Ես կարող եմ ասել, որ դա բացարձակ սուտ է, մինչև այսօր իմ դուրս գալը Պաշտպանության նախարարությունից՝ մոտավորապես 10։20 րոպեն, նման առաջարկ Պաշտպանության նախարարությունը չի ստացել: Նման առաջարկները, ընդունված կարգի համաձայն` իրավակիրառական պրակտիկայով, մեզ գալիս են հիմնականում Կարմիր Խաչի խողովակներով: Ես ընդհանրապես չեմ կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը գնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ռազմագերիներ գոյություն չունեն՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախի Հանրապետությունում», - ասաց փոխնախարարը։

Բալայանը նշեց, որ դա Ադրբեջանի ներքին, կամ գուցե որոշակի արտաքին «շահառուներին» ուղղված հայտարարություն է։

«Մենք բավական բաց ենք աշխատում դրա հետ կապված, եթե նրանց կողմից նման նախաձեռնություն եղել է, ես ենթադրում եմ, որ Կարմիր Խաչը, հոյակապ տիրապետելով իրավիճակին, ինքն էլ է հասկանում, որ դա պարզապես իրենց ներքին, կամ միգուցե որոշակի արտաքին շահառուներին ուղղված հայտարարություն է, որն իր տակ որևիցե հիմնավորում չունի»,- ասաց Հայաստանի պաշտպանության փոխնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG