Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին խոսում է գերիների փոխանակման մասին


Լեռնային Ղարաբաղ - Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը դատարանում, Ստեփանակերտ, 27-ը հոկտեմբերի, 2014թ.
Լեռնային Ղարաբաղ - Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը դատարանում, Ստեփանակերտ, 27-ը հոկտեմբերի, 2014թ.

Չնայած պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի բացասական արձագանքին՝ Բաքուն շարունակում է խոսել գերիների փոխանակման մասին:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը երեկ կրկին պնդել է, թե դեռ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմից հետո, դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և առաջարկել փոխանակել գերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն նշել էր, որ Բաքվի այդ առաջարկը փոխանցվել է հայկական կողմին, և աշխատանք է տարվում համաձայնագրի նախագծի վրա», - «Ինտերֆաքս»-ին ասել է ադրբեջանական հանձնաժողովը:

Պետական կառույցը պնդել է, թե հարցը քննարկվել է նաև «Ղարաբաղյան հակամարտության շփման գծում անհայտ կորածների, գերիների ու պատանդների ազատ արձակման հարցերով» միջազգային աշխատանքային խմբի համանախագահների՝ Սվետլանա Գանուշկինայի, Պաատա Զաքարեիշվիլիի և Բերնհարդ Քլազենի հետ, որոնք այցելել էին նաև Երևան ու Ստեփանակերտ:

«Միջազգային խմբի ներկայացուցիչները հեռախոսային կապ հաստատեցին մեզ հետ և տեղեկացրին, որ ծրագրում են այս տարվա նոյեմբերի վերջին Թբիլիսիում հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև», - հայտարարել է ադրբեջանական պետական հանձնաժողովը՝ մանրամասնելով, որ Բաքուն համաձայնել է հանդիպել, պայմանով, որ քննարկման հիմնական թեման լինելու է երկու կողմում պահվող անձանց փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Երևանը, մինչդեռ, պնդում է, թե գերիների փոխանակման մասին պաշտոնական որևէ առաջարկ Բաքվից չի ստացել. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նախօրեին «Ազատության»-ն ասել էր, թե ինքն այս մասին տեղեկացել է մամուլից: Ավելին՝ անցած երկու օրերին Երևանն ու Ստեփանակերտը հայտարարել են, թե մերժում են «բոլորը բոլորի դիմաց» տարբերակը, քանի որ այժմ հայկական կողմում գտնվող ադրբեջանցիները ոչ թե ռազմագերիներ են, այլ՝ հանցագործության համար դատապարտված անձինք:

«Մենք չեն կարող հավասար հարթության մեջ դիտարկել ադրբեջանցիներին, որոնք լուրջ հանցագործություն են կատարել, և հայ հասարակ քաղաքացիներին, որոնք սահմանն անցել են պատահմամբ», - «Ազատության»-ն ասել է Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ շարունակելով. - «Իհարկե համաձայն չենք, որ ընդհանրապես այդ կատեգորիաները մեկը մյուսի հետ փոխարինելու, որովհետև դրանք անփոխարինելի են: Ահաբեկիչն ու մարդասպանը պիտի իր պատիժը կրի, և նրան չենք փոխանակելու մենք»:

Ըստ պաշտոնական աղբյուրների, Ադրբեջանում այս պահին երեք հայ է պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը, որոնց Բաքուն մեղադրում է դիվերսիայի և պատերազմական հանցագործությունների մեջ:

Հայկական կողմը հերքում է ադրբեջանցիների պնդումները: Նրանք Ադրբեջանում երկարատև ազատազրկման են դատապարտված:

Հայկական կողմում երեք ադրբեջանցի է պահվում. Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, որոնք ձերբակալվել են 2014-ին Ղարաբաղում և մեղավոր ճանաչվել մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանության, առևանգման ու լրտեսության համար: Ղարաբաղի դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման։ Եվս մեկ ադրբեջանցի՝ Էլնուր Հուսեյնզադեն էլ ձերբակալվել է անցյալ տարի Ղարաբաղի Թալիշ գյուղի մերձակայքում, պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, թե նա զինծառայող է և ձերբակալվել է դիվերսիայի պահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG