Մատչելիության հղումներ

ՏԻՄ-երում չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով վերականգնվել է ավելի քան 86 միլիոն դրամ․ ՔԿ


Քննչական կոմիտեն հաղորդում է, որ այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը շարունակել է տարբեր բնագավառներում կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննությունը:

Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ղեկավարների կամ ծառայողների կողմից առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում 2018 թվականի տասն ամիսների ընթացքում քննվել է 178 քրեական գործ, որոնց քննության արդյունքում որպես պետությանը պատճառված վնաս վերականգնվել է 86 միլիոն 269 հազար 663 դրամ:

Քրեական գործերը վերաբերում են Քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 308-րդ, 314-րդ և 325-րդ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերին։ Հարուցված 178 քրեական գործերից 11-ը՝ 11 համայնքի ղեկավարի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Նշված քրեական գործերով պատճառված նյութական վնասը կազմել է 36 միլիոն 647 հազար 100 դրամ, որից վերականգնվել է 26 միլիոն 919 հազար 200 դրամը:

33 քրեական գործով որոշում է կայացվել գործով վարույթը կարճելու մասին, որից 13-ը՝ արդարացնող՝ հանցակազմի կամ հանցադեպի բացակայության հիմքով, իսկ 20-ը՝ ոչ արդարացման՝ գործուն զղջալու հիմքով:

Կարճված քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 13 միլիոն 528 հազար 963 դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական գործերի մի մասը նախաքննության ընթացքում միացվել է մեկ վարույթ և ներկա դրությամբ առկա է 92 քրեական գործ, որոնցով 21 համայնքի ղեկավարների առաջադրվել են մեղադրանքներ:

Քննչական կոմիտեի վարույթում առկա քրեական գործերով կատարվում են բոլոր քննչական և դատավարական գործողությունները՝ պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG