Մատչելիության հղումներ

Եվրադատարանը 2008-ի Մարտի 1-ին առնչվող հերթական գործն է հաղորդակցել Հայաստանին


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում:

2008-ի մարտյան իրադարձություններից հետո բանտում մեկուկես տարի անցկացրած ընդդիմադիր գործիչ Գրիգոր Ոսկերչյանը համոզված է, որ Եվրոպական դատարանի՝ երեկ հրապարակած տեղեկատվությանը հաջորդելու է հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի։

«Կարծում եմ, եթե այս էտապին հասել է, կոմունիկացրել է և այլն, և հոդվածը արդեն նշվում է, այդ ուղղությամբ են հարցերը տրվում ենթադրում եմ, որ հավանականությունը մեծ է, որ կլինի։ Ես ինձ շատ ավելի լավ կզգայի և հաղթանակած կհամարեի ինձ, եթե դա տեղի ունենար դեռևս նախորդ իշխանության ժամանակ», - ասաց Գրիգոր Ոսկերչյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող հերթական գործն է հաղորդակցել Հայաստանին՝ հարցեր ուղղելով կառավարությանը: Սա Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանի երկրորդ բողոքն է ստրասբուրգյան դատարանում։ 9 տարի առաջ նա 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր անելու համար: Անցած ամիս Եվրոպական դատարանը վճռել էր, որ հայաստանյան դատարանները Ոսկերչյանին կալանքի տակ պահելու բավարար հիմքեր չեն ներկայացրել։

«Ազատության» հետ զրույցում 62-ամյա Ոսկերչյանը ուշադրություն է հրավիրում Եվրոպական դատարանի հարցերին: «Մարտի 1»-ի գործով առաջին անգամ Ստրասբուրգի դատարանը Հայաստանի կառավարությանը հարցրել է՝ արդյո՞ք չի խախտվել Ոսկերչյանի արտահայտվելու ազատության իրավունքը։

«Հատկապես 18-րդ հոդվածը ինձ ուրախացնում է։ Արդյունքը՝ պարզապես դատարանն ապացուցում է, որ իսկապես եղել է ուղիղ իմաստով քաղաքական հալածանքներ և քաղաքական մեղադրանք», - նշեց ՀԱԿ վարչության անդամը։

Գործը Եվրոպական դատարանում ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում շեշտել է․ - «Սա առաջին գործն է և առաջին անգամն է մարտիմեկյան «արդարադատության» հետ կապված, երբ դատարանը գործի քննության մեջ նաև հարց է ուղղել Հայաստանի կառավարությանը՝ ցանկություն հայտնելով ճշտել՝ որքանով է քաղաքական արգելքը առնչվում ընդդիմադիր գործչի արտահայտվելու ազատությանը»:

Գրիգոր Ոսկերչյանը պնդում է, որ այն ժամանակվա իշխանությունները որևէ ապացույց այդպես էլ չգտան և իրեն դատապարտելու համար նրանց բավարար էր միայն մի անծանոթ կնոջ ցուցմունքը: Ապացույցների բացակայությունն էր պատճառը, որ սկզբում նրան մեղադրում էին զանգվածային անկարգությունների մասնակցելու, հետո կազմակերպելու մեջ։

«Ազգային անվտանգությունը գտել էր նրան, բայց երբ որ հարց տվեցինք, թե ինչ ընտրություններ էին, ասում էր՝ գնում ենք Քոչարյանին ընտրելու։ Այսինքն նա նույնիսկ չգիտեր, թե նույնիսկ ով է ընտրվում», - ընդգծեց նա։

Ընդ որում, ինչպես ընդդիմադիր գործիչն է պնդում՝ իրեն հարցաքննել է «Մարտի 1»-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար, այժմ այս գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը՝ այդպես էլ որևէ հարց մեղադրանքի վերաբերյալ չտալով։

«Հարցաքննությունը բոլորովին չէր վերաբերում մարտի 1-ի դեպքերին։ Ոչ մի հարց չեն տվել այդ ուղղությամբ։ Ամբողջ խոսակցությունը գնում էր, թե ինչ է տեղի ունեցել ընտրություններին, որովհետև ես բազմաթիվ ապացույցներ էի հավաքել ընտրությունների լցոնումների վերաբերյալ։ Ամբողջ խոսակցությունը գնում էր այն հարցի շուրջ, որ ես պետք է հրաժարվեմ իմ իսկ հավաքած ապացույցներից ընտրությունների կեղծման վերաբերյալ», - ասաց Ոսկերչյանը։

ՀԱԿ-ի վարչության անդամը պնդում է, որ իրեն բանտում ծեծի են ենթարկել՝ շարունակելով. - «Հատուկ նշանակության ջոկատայիններ էին թե ինչ էին, եկել էին ստուգելու խցերը։ Բոլոր խցակիցներիս դուրս հանեցին, ինձ թողեցին։ Դիմակավորված էին բոլորը։ Ճիշտ է, հարկի հետթապահը ներկա էր։ Հարց տվեցին, թե որ հոդվածով ես։ Պատասխանեցի, ու միանգամից հարձակվեցին, թե՝ դու մեր եղբայրներին ես ուրեմն ծեծել, բռնություններ կիրառել ու սկսեցին հարվածներ տեղալ։ Շատ էին իրենք, մի 7-8 հոգի էին»։

Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ստացել են Եվրոպական դատարանի հարցերը, կառավարությունը իր դիրքորոշումը կհայտնի սահմանված ժամկետում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG