Մատչելիության հղումներ

«Ներողություն եմ խնդրում, որ «Լույս» դաշինքն այլևս չկա». Արամ Սարգսյան


«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը:

«Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա:
«Հանրապետությունը» մասնակցելու է Աժ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Մնացածը առաջիկայում...», - գրել է Սարգսյանը։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով հիմնադրել էին «Լույս» դաշինքը։ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը հոկտեմբերի վերջին ասել էր, որ խորհրդարանական ընտրություններում «Լույս» դաշինքը կպահպանեն։ «Բրենդը կա, բրենդը կլինի, բայց ես կարծում եմ, որ այն ավելի լայն ձևավորում կունենա», - ասել էր Մարուքյանը։

Սակայն երեկ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարեց, որ ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG