Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հայտնում է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցախմբի բացահայտման մասին


Հայ-իրանական սահմանի Մեղրու անցակետը, արխիվ
Հայ-իրանական սահմանի Մեղրու անցակետը, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և վնասազերծել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ և Հայաստանի տարածքում իրացմամբ զբաղվող ևս մեկ հանցավոր խումբ:

Մասնավորապես, ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն` Իրանի երեք քաղաքացիներ Հայաստանում իրացնելու նպատակով հայ-իրանական սահմանի «Մեղրի» մաքսակետով մաքսանենգ եղանակով ներմուծել են առանձնապես խոշոր չափերի «ափիոն» տեսակի թմրամիջոց, որը հետագայում թաքցրել են Երևանում վարձակալած բնակարանում: «ՀՀ-ում մնացած երկու հանցակիցները, որոնք գտնվել են ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, 2018 թվականի նոյեմբերի 2-ին Երևանում փորձել են իրացնել 1454 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, սակայն խմբաքանակը փոխանցելու պահին բռնվել են», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում Իրանի քաղաքացիներ Է.Կ-ն և Հ.Բ-ն ձերբակալվել են, իսկ նրանց բնակության վայրերում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ևս 9 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր խմբին առնչակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG