Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն արձակված է իրավունքի ուժով․ Փաշինյան


Ազգային ժողովն այսօր ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ։

Քվեարկությունից րոպեներ անց վարչապետի պաշտոնակատարը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, փաստելով․ ֊ «Ազգային ժողովը արձակված է իրավունքի ուժով: Շնորհավորում եմ»:

Լրագրողների հետ զրույցում նախընտրեց չմեկնաբանել խորհրդարանի արձակումը: Խորհրդարանն առաջին անգամ Փաշինյանին վարչապետ չընտրեց հոկտեմբերի 24-ին: Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, եթե երկու անգամ վարչապետ չի ընտրվում: Հենց դա էր Փաշինյանի նպատակը: Հոկտեմբերի 16-ին նա հրաժարական տվեց երկրի վարչապետի պաշտոնից, որպեսզի դեկտեմբերի սկզբին անցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Փաշինյանի խոսքով՝ պայմանավորվածություն կա, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

Վարչապետի պաշտոնակատարը, ի պատասխան «Ազատության» հարցին ասաց, որ ինքը ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվելու․ - «Համապետական թեկնածու եմ լինելու»:

Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր: Այս առաջադրումը, ինչպես և նախորդը, ֆորմալ բնույթ էր կրում։

Վարչապետի առաջադրված միակ թեկնածուին չընտրելու մասին հայտարարել էին Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները: Հանրապետականը նույնպես չխոչընդոտեց Փաշինյանի ծրագրերին:

Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը մինչև քվեարկությունը «Ազատությանը» փոխանցել էր, որ Փաշինյանի թեկնածությանը կողմ չքվեարկելու մասին ունեն կուսակցության և խմբակցության որոշում․ - «Կարծում եմ, այստեղ ի վերջո, հեղափոխությունից վեց ամիս անց, իշխանության և ընդդիմության կարծիքները համընկան: Թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը կարծում են, որ վարչապետին չպետք է ընտրել»:

Հանրապետականները մեծամասամբ այսօր կա՛մ չէին եկել խորհրդարան, կա՛մ չքվեարկեցին: Եթե չհաշվենք Փաշինյանին աջակցելու մասին հայտարարած պատգամավորներին, որոնք ձեռնպահ էին, խմբակցությունում առանձնացավ թերևս միայն Աժ խոսնակ Արա Բաբլոյանը, ով ձեռնպահ քվեարկեց ու հատուկ շեշտեց դա:

«Ելքը» ևս ձեռնպահ էր: Դաշնակցության ու «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը:

Թեև այսօրվա քվեարկությունից հետո խորհրդարանը իրավունքի ուժով դե ֆակտո արձակված է, բայց պատգամավորները կշարունակեն աշխատել: Սահմանադրության համաձայն, արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում է, իսկ նորինը՝ սկսվում խորհրդարանի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի հրավիրված առաջին նստաշրջանի բացման պահից:

Անցած տարվա ապրիլի 2-ին ընտրված խորհրդարանը 5 տարվա փոխարեն մեկուկես տարուց մի փոքր ավելի աշխատեց:

XS
SM
MD
LG