Մատչելիության հղումներ

Պայմանավորվածությունն այդպիսին է, որ դեկտեմբերի 9-ին է տեղի ունենալու արտահերթ ընտրությունը. Փաշինյան


Պայմանավորվածությունն այդպիսին է, որ դեկտեմբերի 9-ին է տեղի ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունը, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվեց Փաշինյանից, որ եթե նախագահն այսօր հրամանագիր ստորագրի խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին, ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ի՞ն, թե՞ 10-ին, Փաշինյանը պատասխանեց. - «Նախագահը հրամանագիրը թող ստորագրի, հետո կտեսնենք, համենայն դեպս պայմանավորվածությունն այդպիսին է, որ ամսի 9-ին է լինելու ընտրությունը»: Վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ նախագահի հրամանագիրն այսօր կլինի։

Ազգային ժողովում այսօր քննարկվում է վարչապետի ընտրության հարցը։

Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է: Եվ խորհրդարանը եթե երկրորդ անգամ էլ վարչապետ չընտրի, ապա այսօր իրավունքի ուժով կարձակվի, և դեկտեմբերին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Նշենք, որ օրերս խորհրդարանը տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Նախագծի գլխավոր փոփոխությունը ռեյտինգային համակարգի մերժումն էր։ Դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հին օրենսգրքով։

Հարցին, թե ռեյտինգային ընտրակարգով ինքն առաջադրվելո՞ւ է թեկնածու, Փաշինյանը պատասխանեց. - «Ոչ, ոչ, ես համապետական թեկնածու եմ լինելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG