Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական առանձնատնից


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դուրս է եկել կառավարական առանձնատնից։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը։

Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ Սարգսյանը բնակություն է հաստատել Ձորաղբյուր գյուղում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դեռ հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը նոյեմբերին կազատի կառավարական ամառանոցում գտնվող առանձնատունը, որտեղ արդեն ավելի քան տասը տարի բնակվում է։

Սերժ Սարգյանը շարունակում էր ապրել դեռևս 2008թ․ իրեն տրամադրված Կառավարական ամառանոցի առանձնատանը։ Հեղափոխությունից առաջ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշեց այդ առանձնատունը սեփականության իրավունքով փոխանցել Սերժ Սարգսյանին։ Վերջինս, սակայն, ապրիլի 17-ին՝ վարչապետ ընտրվելուց երկու օր անց, երբ փողոցում բողոքի ակցիաներ էին ընթանում, անսպասելիորեն հայտարարեց, որ հրաժարվում է նշված առանձնատան սեփականության իրավունքից, պատճառաբանելով, թե դրա ժամանակը չէ։ Նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում լուծել երրորդ նախագահին օրենքով հասանելիք առանձնատան խնդիրը։

Կառավարության առաջարկած տարբերակները Սերժ Սարգսյանը մշտապես մերժել է։ Երրորդ նախագահին առաջարկված վերջին առանձնատունը Ավան վարչական շրջանում էր, շուկայական գինը՝ 1 միլիոն 250 հազար դոլար։ Ըստ Աղաջանյանի, կառավարությունն արդեն պայմանավորվել էր վաճառողի հետ և պատրաստ էր առանձնատունը գնել 950 հազար դոլարով ու տրամադրել Սարգսյանին։ Այդ առաջարկը ևս Սերժ Սարգսյանը մերժել էր։

«Ըստ էության հաշվի առնելով, որ դա վերջին առաջարկն է եղել, մենք այլ տարբերակ էլ չենք առաջարկելու», - ասել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ պարզաբանելով. - «Սովորաբար իրենց հիմնավորումները անվտանգության հետ են կապված լինում: Այս դեպքում, մասնավորապես, ինչ-որ տան վրայով անցնող լարի մասին էր խոսքը՝ էլեկտրական գծի, որը, ըստ իրենց, անվտանգության խնդիրներ էր առաջացնում»:

Մինչդեռ նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ «խոսքը ոչ թե ինչ-որ մեկ լարի մասին էր, ինչպես իր խոսքում պնդել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարը, այլ լարերի մի ամբողջ խրձի»:

«Դա անընդունելի է հատուկ պահպանություն ենթադրող օբյեկտի համար։ Լարերի նման կենտրոնացման պարագայում հնարավոր են ինչպես վտանգ ներկայացնող պատահական միջադեպեր, այդպես էլ առկա է վնասակար միտումով դրանք օգտագործելու հնարավորություն»,- ասաց Նաիրի Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG