Մատչելիության հղումներ

Կառավարությունը մոտ օրերս Սերժ Սարգսյանին կառաջարկի նախկին նախագահին հասանելիք կեցավայրի վերջնական տարբերակը


Սերժ Սարգսյան, արխիվ

Կառավարությունը մտադիր չէ անվերջ բանակցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ վերջինիս հատկացվելիք կացարանի ընտրության հարցով և առաջիկա օրերին կներկայացնի վերջնական առաջարկ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում կառավարությունը Սերժ Սարգյանին ավելի քան տասը տարբերակ է առաջարկել․ բոլորը, սակայն, մերժվել են երրորդ նախագահի կողմից։

Ըստ Աղաջանյանի, Սերժ Սարգսյանն առաջարկվող տարբերակներից հրաժարվել է, պատճառաբանելով, թե դրանք անվտանգ չեն։ Աշխատակազմի ղեկավարի պնդմամբ՝ կառավարությունը նաև Սերժ Սարգսյանին է առաջարկել՝ ներկայցնել սեփական տարբերակները, բայց պաշտոնաթող նախագահի գրասենյակն առայժմ չի արձագանքել։ «Ազատությանն» այսօր չհաջողվեց կապ հաստատել երրորդ նախագահի գրասենյակի հետ։

«Հաշվի առնելով, թե ինչքան է ձգձգվում այս հարցը, հավանաբար այն կունենա մոտավորապես հետևյալ լուծումը: Մենք կընտրենք որևէ՝ ամենահարմար և ամենաադեկվատ, նախորդ նախագահներին տրամադրված գույքի համամատ, որևէ գույք, դա կառաջարկենք: Եվ դա կլինի մեր վերջնական առաջարկը, անկախ այն բանից՝ իրենք կառարկեն, թե ոչ»,- ասաց Աղաջանյանը, հավելելով՝ այդ առաջարկով հանդես կգան արդեն մոտ օրերս:

Սերժ Սարգյանը շարունակում է ապրել դեռևս 2008 թ․ իրեն տրամադրված Կառավարական ամառանոցի առանձնատանը։ Հեղափոխությունից առաջ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշեց այդ առանձնատունը սեփականության իրավունքով փոխանցել Սերժ Սարգսյանին։ Վերջինս, սակայն, ապրիլի 17-ին՝ վարչապետ ընտրվելուց երկու օր անց, երբ փողոցում բողոքի ակցիաներ էին ընթանում, անսպասելիորեն հայտարարեց, որ հրաժարվում է նշված առանձնատան սեփականության իրավունքից, պատճառաբանելով, թե դրա ժամանակը չէ։ Նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ երեք ամիս առաջ, կառավարության նիստում Էդուրարդ Աղաջանյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում լուծել երրորդ նախագահին օրենքով հասանելիք առանձնատան խնդիրը։

Աղաջանյանն այսօր նաև տեղեկացրեց, որ անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի փոխանցմամբ, կառավարությունը շարունակում է նախկին նախագահներին փոխհատուցել օրենքով սահմանված ծախսերը, այդ թվում՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանինը։

Աղաջանյանը բացառում է, որ կառավարության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող անդամներն ատելության քարոզ կամ հակաքարոզչություն իրականացնեն։ Կառավարության անդամներն ազատ են իրենց քաղաքական հայացքներում և որևէ սահմանափակում չկա, ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG