Վրաստանի հայաբնակ Ախալքալաքում և Թբիլիսիից հյուսիս-արևմուտք ընկած Կասպի բնակավայրում ծեծի են ենթարկվել նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի աջակիցները:
Միավորված ընդդիմության «Ուժը միասնության մեջ է» դաշինքի առաջնորդներից Գիորգի Վաշաձեն ասել է, որ իրենց չորս աջակիցները Ախալքալաքում դաժան ծեծի են ենթարկվել: Նրա փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր գլխավորությամբ 20-հոգանոց «բանդան» երեկ հանկարծակի հարձակվել և իրենց շտաբի ներսում մահակներով դաժան ծեծի է ենթարկել Աշոտ Ռաիսյանին, Աբրահամ Աբրահամյանին, Տիգրան Աբրահամյանին և Միշա Աղաբալյանին:
Վաշաձեն ոստիկանությանը կոչ է արել անհապաղ ձերբակալել հարձակվողներին: «Դա քրեական հանցագործություն է և անհապաղ պետք է պատժվի: Մենք հանդարտություն ենք պահպանում՝ ի տարբերություն «Վրացական երազանք»-ի, որն ասես կորցրել է գլուխը», - ասել է վրացի ընդդիմադիր գործիչը:
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քննություն է սկսվել, քրեական գործ է բացվել:
Այդ միջադեպից ավելի վաղ Գիորգի Վաշաձեն ասել էր, թե Ախալքալաքում ընտրությունների արդյունքները կոպտորեն կեղծվել են: «Տոտալ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել հատկապես Ախալքալաքում և Նինոծմինդայում: Այնտեղ տվյալները ասես կացնով են տաշել կամ տպել են համակարգիչներից՝ մեկը մյուսի հետևից բոլոր տեղամասերում նույն թվերն են», - հայտարարել էր նա:
Կասպի բնակավայրում ծեծի է ենթարկվել ընդդիմադիր թեկնածուի աջակից Ալեքսեյ Գուլիօղլին: Նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն գնացել էր նրան տեսակցելու:
«Նա ինքնազոհաբար աշխատել է, որպեսզի մենք հենց առաջին փուլում հաղթանակի հասնենք: Դրանից հետո այդ բանդերլոգները դատաստան են տեսել, որովհետև այսպես կոչված «Վրացական երազանք»-ը հանդիսանում է գողական երազանք, բանդերլոգների բանդա: Ապրի Ալյոշա Գուլիօղլին, նա ասել է, որ դատարան չի գնա, որովհետև ուզածները դա է, նա ասել է, թե պիտի աշխատի, որ հաղթենք երկրորդ փուլում: Հրաշալի է ասված, մեզ հիմա անհրաժեշտ է հաղթել երկրորդ փուլում», - «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի նախագահական ընտրությունների ընդդիմադիր թեկնածուն:
Գրիգոլ Վաշաձեն իրավապահներին կոչ է արել արդարացի հետաքննել այդ միջադեպը:
Ծեծի ենթարկված Ալեքսեյ Գուլիօղլին արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Վրաստանում կիրակի օրը անցկացված նախագահական ընտրություններում իշխանությունների աջակցությունը վայելող անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցություն թեկնածու Գրիգոլ Վաշաձեն ստացել են քվեների համապատասխանաբար 38․6 և 37․7 տոկոսն ու անցել երկրորդ փուլ: