Մատչելիության հղումներ

Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Ղեկը աջ»-ի ներկայացուցիչներին


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանն այսօր ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին։

Ըստ նախարարության հաղորդագրության, հանդիպմանը մասնակցել են նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներմուծման արգելքին առնչվող գերատեսչությունների պատասխանատուներ։

Նախորդ քննարկմամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նախաձեռնության ներկայացուցիչները պետք է ուսումնասիրեին խնդրի լուծման համար առաջարկված հնարավոր երեք տարբերակները և հանդես գային կոնկրետ առաջարկներով:

Նրանք ցանկանում են սահմանային անցակետում մեքենայի ղեկը վերասարքավորել ձախ, այդպես ներկրել Հայաստան, ստանալ պետական գրանցում, այսինքն` կատարել մաքսազերծում, այնուհետև ստանալ թույլտվություն, որպեսզի մեքենան վերասարքավորվի աջ ղեկային տեղաբաշխմամբ։

Նշվել է, որ այս դեպքում պետք է Հայաստանի կառավարության կողմից կատարվի որոշակի իրավական ակտերի փոփոխություն։ Հնչեցին մի շարք այլ տեսակետներ ևս։

Արմեն Փամբուխչյանը նշել է, որ առաջիկա երկու օրերին խնդրին առնչվող բոլոր կողմերի հետ կքննարկվի ներկայացված առաջարկի նպատակահարմարությունը և կարվի համապատասխան հայտարարություն։

Վերջին շրջանում աջ ղեկով մեքենաների ներմուծմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պնդելով, որ այս տարվա ապրիլի 1-ից այդ մեքենաների ներկրումն արգելող օրենքի նախագծի քննարկումների փուլում իրենց ասվել է, որ արգելքը ժամանակավոր է՝ մինչև հոկտեմբերի 1-ը: Այդ մասին իմանալով, իրենք փորձել են մեքենաներ ներկրել և ներմուծել հոկտեմբերից, սակայն պարզվել է, որ ընդունված օրենքում արգելքը ոչ թե ժամանակավոր բնույթ է կրում, այլ՝ մշտական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG