Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նոր ղեկավարներին


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացնում է Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանին, 30-ը հոկտեմբերի, 2018թ․
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացնում է Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանին, 30-ը հոկտեմբերի, 2018թ․

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր այցելել է Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ ու աշխատակազմերին ներկայացրել այդ վարչական շրջանների նորանշանակ ղեկավարներին՝ համապատասխանաբար Հայկ Մհրյանին, Արամ Դանիելյանին, Միքայել Թումասյանին և Դավիթ Կարապետյանին:

«Այսուհետ մենք պետք է ավելի մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր քաղաքի բնակիչները ոչ միայն բավարարված, այլ նաև գոհ լինեն մեր աշխատանքից: Մենք նոր իշխանություններ ենք և մեզ վրա ենք վերցնում կառավարման պատասխանատվությունը, փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի հետագայում պատվով հանձնենք կառավարումը հաջորդ իշխանություններին», - Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Մարությանը:

«Մենք պարտադիր պետք է շնորհակալ լինենք նախորդ իշխանություններին՝ կատարված աշխատանքի համար, որովհետև, այո, մեծ աշխատանք է կատարվել: Միգուցե եղել են թերացումներ, բայց, միևնույն է, ծառայություն է մատուցվել բնակչությանն ու մեր քաղաքին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ», - ասել է քաղաքապետը:

Այդուհանդերձ, Մարությանի խոսքով, եղել են որոշումներ, որոնք ուղղակի հակասել են հանրության պահանջներին․ - «Մի քանիսին արտոնություն է տրվել, և ընդհանրապես հաշվի չեն առնվել այդ մարդկանց ցանկություններն ու իրավունքները: Ցավոք, մենք այդ ժառանգությունը ստացել ենք: Բայց այսուհետ ոչ միայն այդպես չի լինելու, այլև ցանկացած որոշում ընդունվելու է՝ հաշվի առնելով հանրային շահը: Մենք այսօր մեր քաղաքը վերականգնելու և վերակառուցելու բացառիկ հնարավորություն ունենք»:

«Մենք պետք է անենք այնպես, որ մեր բնակիչները ոչ թե միայն պահանջատեր լինեն, այլ նաև մասնակից դառնան բոլոր գործընթացներին», - ընդգծել է քաղաքապետը:

«Այսուհետ մենք ընդհանրապես թույլ չենք տալու որևէ ապօրինի շինարարություն: Սա չի նշանակում, որ քաղաքը չի զարգանալու, սա չի նշանակում, որ քաղաքն առաջ չի գնալու: Ծավալվելու է նոր շինարարություն, բայց այն անխտիր պետք է համապատասխանի կոնկրետ նորմերին և լինի օրինական», - նշել է Մարությանը՝ ընդգծելով, որ ցանկացած որոշում ու ծրագրի իրագործում պետք է լինի միայն օրենքի տառին համապատասխան:

«Ինձ համար չկա ոչ մի տարբերություն վարչական շրջանների միջև: Ես հենց սկզբից հայտարարել եմ, որ Երևանը միայն կենտրոնը չի, մեր մոտեցումը մնում է նույնը: Բոլոր վարչական շրջանները պետք է զուգահեռ զարգանան, բոլոր վարչական շրջանների բնակիչները պետք է իմանան, որ իրենք բոլորն էլ ուշադրության կենտրոնում են», - ասել է քաղաքապետը:

Հայկ Մարությանը կարևորել է նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելումն ու ոլորտի կանոնակարգումը:

Անդրադառնալով «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքներին՝ Հայկ Մարությանն անբավարար է գնահատել աշխատանքն ու նշել, որ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը և շատավելի խստացվի վերահսկողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG