Մատչելիության հղումներ

Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստման աշխատանքները սկսվել են․ Պեսկով


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Պաշտոնական Մոսկվան և Վաշինգտոնը սկսել են Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի Փարիզում կայանալիք հանդիպման նախապատրաստման աշխատանքները, սակայն հանդիպման ձևաչափի մասին հստակ տեղեկություն դեռ չկա: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հանդիպումը անցնելու է միջազգային մեծ միջոցառման շրջանակներում, այս պահին սկսում են մշակել հանդիպման տեխնիկական մանրամասները՝ որտեղ, երբ և ինչ ձևաչափով պետք է լինի այդ հանդիպումը», - հավելել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ որևէ փաստաթուղթ չի նախատեսվում ստորագրել։

Անցած շաբաթ Մոսկվայում էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Պուտինի հետ նրա հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին Փարիզում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հանդիպումը կայանալու է երկու պետությունների միջև հարաբերությունների ճգնաժամի ֆոնին։ Մասնավորապես, Վաշինգտոնը հայտարարել է, որ մտադիր է դուրս գալ փոքր և միջին հեռահարության հրթիռների վերաբերյալ պայմանագրից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG