Մատչելիության հղումներ

Չեն լինելու արտոնյալ կարգավիճակ ունեցող բուժհաստատություններ․ Արսեն Թորոսյան


Հիմնանորոգումից հետո այսօր շահագործման է հանձնվել Արտաշատի բժշկական կենտրոնը։

«Այսօր շահագործման ենք հանձնում ևս մեկ մարզային, ժամանակի պահանջներին համապատասխան բժշկական հաստատություն: Սա նշանակում է, որ ևս շուրջ 90 հազար բնակչության հետայսու կմատուցվեն որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ տեղում` իրենց բնակավայրերի մոտ: Սա նշանակում է, որ դուք կխնայեք ժամանակ ու ծախսեր և կխուսափեք բուժման համար մայրաքաղաք հասնելու անհարմարությունից», - իր ելույթում նշել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ առողջության պահպանման առաջնային օղակում հաջորդ տարի աշխատավարձերը կբարձրանան ևս շուրջ 15 տոկոսով:

«Կասեք` քիչ է: Այո՛, շատ չէ, բայց ամիսների ընթացքում 30 տոկոսով բարձրացումն արդեն տեղաշարժ է: Ու սրանով կանգ չենք առնում: Բյուջեի միջոցների վերաբաշխմամբ ֆինանսական հավելյալ միջոցներ ենք ուղղել սրտի վիրահատություններին, ուռուցքաբանությանը, երեխաների բուժօգնությանը և շտապօգնությանը: Եկող տարի այս միջոցները կրկին աճելու են: Այո՛, սա էլ չի երաշխավորում առողջապահական ծախսերի ամբողջական ծածկում, բայց դրական տեղաշարժ է», - ասել է Թորոսյանը:

Իրական և արհեստածին դժգոհությունները քիչ չեն, ընդգծել է նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ամեն օր են ստանում դրանք, բազմաթիվ խնդիրների են տեղյակ:

«Հավատացնում եմ, որ առաջնորդվում ենք նոր սկզբունքներով ու նոր ծրագրերով: Չեն լինելու այս կամ այն կերպ արտոնյալ կարգավիճակ ունեցող բուժհաստատություններ։ Ոլորտում ստվերային դրամաշրջանառության դեմ պայքարն անզիջում է լինելու», - ասել է նախարարի պաշտոնակատարը:

Ըստ նախարարության, կառավարության որոշման հիման վրա Արտաշատի պոլիկլինիկան, Արտաշատի հիվանդանոցը, Արտաշատի ծննդատունը, Արտաշատի հակատուբերկուլոզային դիսպանսերը միաձուլման ձևով վերակազմակերպվել են «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ մահճակալների ընդհանուր թիվը 275-ից կրճատելով 130-ի: Այսպիսով` ապահովվել է դրանց տեղակայման արդյունավետությունն ու մատչելիությունը, կրճատվել են կրկնվող անարդյունավետ ծառայությունները, ազատվելև կոնսերվացվել է վարչական տարածք:

Արդիականացման գործընթացում կառուցվել են ջրամբար և նոր պոմպակայան: Տեղադրվել է բժշկական 3 նոր վերելակ, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները (տաք և սառը ջրամատակարարման, էլեկտրասնուցման ու ջեռուցման), ինչպես նաև վերակառուցվել են միջնապատերը, դռները: Մոնտաժվել են նաև բժշկական գազերի (թթվածին, օդ, վակուում), օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը:

Տեղադրվել են ջեռուցման և տաք ջրամատակարարման նոր կաթսաներ, իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության ու եզրաքարերի տեղադրում և տարածքն եզրագծող ցանկապատի կառուցում:

Արտաշատի բժշկական կենտրոնն ունի վիրաբուժական, թերապևտիկ, մանկաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն բաժանմունքներ, գործում է ինտենսիվ թերապիայի ծառայություն, ախտորոշիչ բաժանմունք՝ ներառյալ լաբորատորիա:

Ծրագրի շրջանակներում Արտաշատի ԲԿ-ն հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով, մասնավորապես, բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, թոքերի արհեստական օդափոխության սարքեր, որոնք նախատեսված են նաև նորածինների բուժման համար: Որոշ սարքավորումներ էլ հատկացվելու են առաջիկայում:

Առողջապահության նախարարությունը նշում է, որ արդիականացված բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Արարատի մարզի և հատկապես Արտաշատի տարածաշրջանի շուրջ 90 հազար բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ տեղում` իրենց բնակավայրերի մոտ:

Վարկային ծրագրի շրջանակներում ներդրվել է 2 մլրդ 89.5 մլն դրամ, որից ՀՀ կառավարության միջոցներից` 417.9 մլն (20%), Համաշխարհային բանկի վարկային միջոցներից՝ 1 մլրդ 671.6 մլն (80%):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG