Մատչելիության հղումներ

Ֆելիքս Ցոլակյանը գտնում է, որ ԱԺ-ն պետք է հնարավորինս շուտ լուծարվի


Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ասում է, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկվելու առաջարկ դեռ չի ստացել:

«Էդպիսի խոսակցություններ ընդհանրապես չեմ ունեցել, էդ ձևի քննարկումների չեմ մասնակցել: Ես իմ աշխատանքով եմ զբաղվում», - լրագրողների հետ զրույցում ասաց Ցոլակյանը:

Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մայիսին դեմ գնալով կուսակցության որոշմանը կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն, ապա դուրս եկավ խմբակցությունից:

Ցոլակյանի կարծիքով՝ գործող Ազգային ժողովը պետք է լուծարվի և որքան հնարավոր է շուտ․ - «Ես գտնում եմ, որ պետք է, և ինչքան շուտ՝ այնքան ճիշտ է դա: Ես համամիտ չեմ էն կարծիքին, որ դա կարող է շատ մեծ վնասներ բերել իր հետ, և այլն, և այլն: Ովքեր ունեն այսպես ասած ռեյտինգ, նրանք հիմա էլ ունեն, մայիսին էլ ունեն, հունիսին էլ ունեն․․․ ոչ մի բան չի փոխվելու մեր կյանքում: Դա պատճառաբանություններ են, և այդ պատճառաբանություններին ես համաձայն չեմ»:

Ցոլակյանը նաև Շիրակի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել և 2017-ին հենց Հանրապետականի ռեյտինգային ցուցակով է պատգամավոր ընտրվել՝ ապահովելով մոտ 12 հազար քվե:

«Ազատության» հարցին, թե արդյոք կողմ է ռեյտինգային համակարգի վերացմանը, նա պատասխանեց․ - «Շատ զարգացած երկրներ կան, որտեղ կա ռեյտինգային: Բայց այդտեղ չկան այն բացասական երևույթները, որոնց մասին խոսվում է: Ստեղ էդ երևույթների հարցն է, այդ երևույթները պետք է չլինեն: Բայց մեր մոտ ինչքանո՞վ ենք համոզված, որ դրանք չեն լինի ռեյտինգայինի դեպքում: Եվ չեմ կարծում, որ ռեյտինգայինի մնալու դեպքում էլ ռեյտինգով ընտրված պատգամավորները նորից նույն ձևով կարող են գործարքների մեջ մտնել և նորից ընտրվել: Ես բացառում եմ, որովհետև մարդիկ էսօր փոխված են, մտածողություն է փոխված, և մարդիկ չեն գնալու էդ բանին»:

Ֆելիքս Ցոլակյանի անունը օրերս սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր հիշել իր հարցազրույցում՝ ասելով․ - «Թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին. այդ տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոններն զբաղեցնելով, այդ մարդը որևէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Չեն եղել նման հարաբերություններ»:

Քոչարյանի մատնանշած տարիներին հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ցոլակյանն այսպես արձագանքեց․ - «Ինքը ճիշտ է ասում, գործարքների մեջ չեմ եղել: Հարկային ծառայության գործառույթները շատ պարզ են, որոնք ես կատարել եմ բարեխղճորեն: Ուրիշ բան չեմ կարող ասել»:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարի պաշտոնում առաջին այցն էր Շիրակի մարզ: Ցոլակյանն ասաց, որ եկել է նախ ծանոթանալու իր ենթակայության տակ գտնվող կառույցի խնդիրներին:

Հաջորդ տարի Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է Հայաստանին հրշեջ նոր մեքենաներ նվիրաբերել: Պարզվեց, որ Շիրակի մարզին այդ մեքենաներից բաժին կհասնի․ - «Շիրակում մենք ուզում ենք գտնել էն տեղերը, որտեղ կարողանանք կայանել էդ մեքենաները․ բարձրության հարց կա, էս կա, էն կա․․․ տեխնիկական հարցեր»:

Դեկտեմբերի 7-ին լրանում է 88-ի երկրաշարժի 30-րդ տարելիցը և կառավարությունը նախատեսում է հիշատակի մեծ միջոցառումներ անցկացնել: Ցոլակյանը եկել էր նաև այդ հարցերը քննարկելու:

XS
SM
MD
LG