Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, դեմոկրատներին այս կամ այն եղանակով սատարող անվանի մարդիկ, այդ թվում՝ օսկարակիր կինոաստղ Ռոբերտ Դե Նիրոն, ստացել են պայթուցիկներով ծանրոցներ:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ այս պահին կա մեկ ձերբակալված կասկածյալ:
Ծանրոցները, բարեբախտաբար, չեն պայթել և հասցեատերերին չեն վնասել: Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է այսօրվա դրությամբ գրանցած առնվազն տասը նման միջադեպի մասին:
Հասցեատերերին միավորող հանգամանքը գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության քննադատությունն է: Քննիչները փորձում են պարզել՝ ինքնաշեն ծանրոց-ռումբերը պետք է պայթեի՞ն և սպանեի՞ն հասցեատերերին, թե՞ նպատակն էր սոսկ ահաբեկել մարդկանց, հանրային մակարդակում աղմուկ բարձրացնել և պարտադրել ինչ-որ խնդրի քննարկում:
Ծանրոցները հատուկ սարքավորումներով հեռացվել, փոխադրվել են մարդկանց համար անվտանգ վայրեր և պայթեցվել են:
Պայթուցիկներով ծանրոցներ են ուղարկվել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանի, արդարադատության նախկին նախարար Էրիք Հոլդերի, Կալիֆորնիայից Ներկայացուցիչների պալատ ընտրված Մաքսին Ուոթերզի, CNN-ի խմբագրության և միլիարդատեր ու մեկենաս, դեմոկրատների աջակից Ջորջ Սորոսի հասցեներով:
Չարագործը կամ չարագործների խումբը պայթուցիկներով ծանրոցներն ուղարկել է Նյու Յորքում, Վաշինգտոնում և Ֆլորիդայում գտնվող հասցեներով:
Սա աննախադեպ կացություն է՝ անկախ այն բանից, թե որն է պայթուցիկներ ուղարկելու շարժառիթը:
Փաստորեն, ԱՄՆ պատմության ընթացքում առաջին անգամ ստեղծվել է մի վիճակ, երբ մեկ օրում փորձ է արվում սպանել նախկին նախագահին, նախկին փոխնախագահին և նախագահության նախկին թեկնածուին:
Եվ դա տեղի է ունենում միջանկյալ ընտրություններից օրեր առաջ: Նոյեմբերի 6-ին Ամերիկայում կանցկացվեն 100-տեղանոց Սենատի մեկ երրորդի և Ներկայացուցիչների տան բոլոր 435 տեղերի ընտրությունները:
Դրանց արդյունքը չափազանց մեծ նշանակույուն ունի և՛ հանրապետականների, և՛ դեմոկրատների համար: Նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զրկվել օրենսդիրների աջակցությունից, թեժ պայքար է յուրաքանչյուր մանդատի համար:
Ինքը Թրամփը, տեղեկանալով պայթուցիկներով ծանրոցների մասին, հայտարարել է, որ իրավապահներն անպայման կբացահայտեն դեռևս անհայտ չարագործին:
Նա դատապարտել է հանցանքը, բայց և միաժամանակ կոչ է արել մամուլին «դադարեցնել մշտապես սև գույներով այս ադմինիստրացիայի աշխատանքը լուսաբանելու գործելակերպը»:
Թրամփը միասնության կոչ է արել, նշելով, որ մամուլն է նպաստում հանրային նյարդայնության աճին:
Ուշագրավ է, որ, ըստ ամերիկյան աղբյուրների, Թրամփը միջադեպերի կապակցությամբ անձամբ չի զանգահարել Օբամային, Բայդենին կամ Քլինթոնին:
Բարաք Օբաման գերադասում է առայժմ չմեկնաբանել ծանրոցների խնդիրը: Նախկին փոխնախագահ Բայդենը Բաֆալոյի համալսարանում նախընտրական հանդիպման ժամանակ ասել է, որ անհրաժեշտ է վերջ տալ ատելությանը:
«Մենք պետք է կանգնեցնենք այս ատելության մեքենան: Պետք է միասնական լինենք, մարդիկ ուզում են, որ մենք ավելի քաղաքակիթ լինենք», - ասել է Բայդենը:
Նախկին պետքարտուղար և անցած ընտրություններում Թրամփի դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնը շնորհակալություն է հայտնել հատուկ ծառայություններին ծանրոցների առաքումը կանխելու և իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար:
«Անհանգիստ ժամանակներ են, չէ՞, խորը տարաձայնությունների ժամանակներ, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել երկրի միասնականությունը վերականգնելու համար», - ասել է Քլինթոնը:
Ոստիկանները քիչ առաջ հաղորդել են կասկածելի ևս երկու ծանրոց հայտնաբերելու մասին:
Դրանցից մեկը հասցեագրված էր ամերիկացի սենատոր Կորի Բուքերին, մյուսը ազգային անվտանգության ծառայության նածկին տնօրեն Ջեյմս Քլափերին:
«Ակնհայտ է, որ սա ներքին ահաբեկչություն է, այլ բան մտքովս պարզապես չի անցնում»,- ասել է Քլափերը:
Այսօր երեկոյան ԱՄՆ արդարադատությնան նախարարությունն հատուկ ասուլիս է հրավիրելու: